Skip to main content
Հայաստանի նկատմամբ ռուսական տեղեկատվական ազդեցությունը.2026 թվականի սեպտեմբերի նարատիվների և FIMI մեխանիզմների վերլուծություն


Սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ռուսական տեղեկատվական ազդեցության մոնիթորինգը ցույց տվեց օգոստոսին դիտարկված մեխանիզմների շարունակական զարգացում և ուղերձների որակական փոփոխություն։ Եթե նախկինում հիմնական շեշտը դրվում էր Մոսկվայից Երևանի ռազմավարական հեռացման հնարավոր ծախսերի վրա, ապա սեպտեմբերին ռուսական տեղեկատվական էկոհամակարգի մի մասը սկսեց Հայաստանի վերակողմնորոշումը ներկայացնել որպես արդեն ընթացող գործընթաց, որը հանգեցնում է ինքնիշխանության կորստի և Արևմուտքից, Թուրքիայից ու Ադրբեջանից աճող կախվածության։

Վերլուծված նյութերում Հայաստանի արտաքին հարաբերությունները, ռուսական ռազմական ներկայությունը, անվտանգության համակարգի բարեփոխումները, TRIPP նախագիծը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ներքին հակամարտությունները հաճախ ներկայացվում էին որպես փոխկապակցված զարգացումներ՝ պատճառահետևանքային շղթայի տարբեր օղակներ։ Սա չի նշանակում, որ բոլոր ուղերձները  մեկ կենտրոնից համակարգվող գործողության մաս էին, սակայն դրանց կրկնության բարձր մակարդակը ու պարբերական ուժեղացումը նկատելի էին ռուսական պետական լրատվամիջոցներում, մեկնաբանական ալիքներում և հայկական տեղեկատվական միջավայրի որոշ հատվածներում։

Գերակշռող մեխանիզմը Հայաստանի համար անվտանգ համարվող ռազմավարական ընտրությունների շրջանակի նեղացումն էր։ Այլ ռազմավարական ուղղությունները ներկայացվում էին որպես ավելի ծախսատար, պակաս կանխատեսելի կամ ավելի վտանգավոր՝ Ռուսաստանի հետ առկա կապերի պահպանման համեմատությամբ։ Այս տրամաբանությունը չէր պահանջում Ռուսաստանը ներկայացնել որպես գրավիչ կամ խնդիրներից զերծ գործընկեր, բավական էր մյուս ուղղությունները տնտեսական, քաղաքական և անվտանգային տեսանկյունից  ռիսկային ներկայացնելը։

Սեպտեմբերյան ուղերձների դինամիկան․ ծախսերի մասին նախազգուշացումներից մինչև Հայաստանի «գրավման» նարատիվ

Սեպտեմբերյան վերլուծությունը  ցույց է տալիս, որ Ռուսաստանը  զարգացնում ու ընդլայնում է Հայաստանի նկատմամբ նախկինում կիրառվող տեղեկատվական ազդեցության մեխանիզմները։ Ամսվա սկզբին շեշտը դրվում էր Ռուսաստանից կախվածության նվազեցման տնտեսական և անվտանգային ուղղակի ծախսերի վրա։ Ամսվա կեսին Արևմուտքի հետ համագործակցությունը, TRIPP-ը և Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի հաճախ ներկայացվում էին որպես արտաքին վերահսկողության և նոր կախվածությունների առաջացման հնարավոր աղբյուրներ։ Սեպտեմբերի վերջին հաղորդագրությունների մի մասն արդեն Հայաստանի ինքնիշխանության կորուստը ներկայացնում էր որպես ընթացքի մեջ գտնվող գործընթաց։

Սեպտեմբերի 1–9-ը ռուսական ուղերձները կենտրոնանում էին Ռուսաստանի հետ առկա կապերի պահպանման և արևմտյան կառույցներին մերձենալու միջև ռազմավարական ընտրության անհամատեղելիության շեշտադրման վրա։ Ռուսական շուկայի և էներգետիկ մատակարարումների հասանելիությունից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող օգուտները հակադրվում էին դեպի Եվրոպա կողմնորոշման հետ կապվող հնարավոր ծախսերին։ Միաժամանակ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկումը դրա արդյունավետության գնահատումից տեղափոխվեց դեպի հնարավոր դուրսբերման սցենարների և դրա հետևանքների ներկայացման։ Ռուսական ռազմական ներկայության կրճատումը կապվում էր անվտանգության վակուումի առաջացման և Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության աճի հետ։

Վիզաների ազատականացման գործընթացը և TRIPP նախագիծը ընդլայնեցին այս օրակարգը։ Վիզաների ազատականացման հնարավոր պայմանների մասին հայկական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը ռուսական տեղեկատվական միջավայրում վերածվում էին եվրոպական «վիզային շանտաժի» նարատիվի։ TRIPP նախագիծն ավելի ու ավելի հաճախ էր ներկայացվում որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական ներկայության հաստատման հնարավոր ուղի։ Նույնիսկ հայկական զինված ուժերում կատարվող սահմանափակ ընթացակարգային փոփոխությունները մեկնաբանվում էին որպես ՆԱՏՕ-ի չափանիշներին աստիճանական մոտեցման նշան։

Սեպտեմբերի 10–16-ը Թուրքիան ավելի ընդգծված տեղ էր զբաղեցնում ռուսական տեղեկատվական ուղերձներում։ Արևմտյան ներգրավվածությունը ներկայացվում էր որպես գործընթաց, որը կարող է Հայաստանը մոտեցնել Անկարայի ռազմավարական ազդեցության ոլորտին։ Միաժամանակ ռուսական գազը, ինչպես նաև կրթական, լեզվական և մշակութային ծրագրերը ներկայացվում էին որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների շոշափելի և կայուն առավելություններ։ Էներգետիկ դիվերսիֆիկացիան և արդիականացումը, ընդհակառակը, կապվում էին նոր կախվածությունների առաջացման և ռազմավարական ոլորտների նկատմամբ վերահսկողության հնարավոր կորստի հետ։

Սեպտեմբերի 17–24-ը անվտանգության թեման ավելի սրվեց։ Հայկական զինված ուժերին ԱՄՆ-ի աջակցության մասին տեղեկությունները համադրվում էին Աֆղանստանի, Իրաքի, Վրաստանի և Ուկրաինայի օրինակների հետ՝ դրանք ներկայացնելով որպես արևմտյան ռազմական օգնության հնարավոր հետևանքների մասին նախազգուշացնող օրինակներ։ Նույն ժամանակահատվածում TRIPP նախագծի ներկայացման շեշտադրումները տրանսպորտային և տնտեսական հարցերից տեղափոխվեցին անվտանգության, ռազմավարական վերահսկողության և արտաքին ազդեցության ոլորտներ։ Սեպտեմբերի 22–24-ը TRIPP-ի վերաբերյալ ուղերձներում արդեն կիրառվում էր «գաղութացում» ձևակերպումը։

Սեպտեմբերի 25–30-ը ռուսական մեկնաբանական շրջանակները սկսեցին ավելի հաճախ հղում կատարել հայկական դերակատարներին, ընդդիմադիր գործիչներին, մեկնաբաններին և հարցումների տվյալներին՝ իրենց կողմից շրջանառվող ուղերձներն ամրապնդելու համար։ Հայկական ներքին բանավեճում հնչող հայտարարությունները ներառվում էին ռուսական տեղեկատվական նյութերում և ներկայացվում որպես տեղական հաստատում արդեն շրջանառվող թեզերի համար։

Միաժամանակ Ռուսաստանը ներկայացվում էր որպես այդ գործընթացին հակազդելու ունակ դերակատար։ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագայի վերաբերյալ «Ռոսատոմի» առաջարկն ուղեկցվում էր դրական ուղերձներով, որոնցում ընդգծվում էր, որ Մոսկվան շարունակում է առաջարկել դժվար փոխարինելի տեխնոլոգիաներ, շուկաներ, ինչպես նաև էներգետիկ և անվտանգային ռեսուրսներ։ Այսպիսով, Ռուսաստանից հեռանալու հնարավոր ծախսերի մասին նախազգուշացումները զուգակցվում էին Ռուսաստանի հետ առկա համագործակցության գործնական առավելությունների ընդգծման հետ։

Ամսվա գլխավոր որակական փոփոխությունն ապագա հնարավոր հետևանքների մասին նախազգուշացումներից անցումն էր դեպի արտաքին ազդեցության մեծացումը որպես արդեն ընթացող գործընթաց ներկայացնելը։ Այս փոփոխությունը նպաստավոր հիմք էր ստեղծում ռուսական ազդեցության վերականգնումը որպես պաշտպանական, ուղղիչ կամ անհրաժեշտ քայլ ներկայացնելու համար։

Տեղեկատվական աղբյուրի «լվացում» և տեղեկատվության կարգավիճակի փոփոխություն․ վիզաների ազատականացման նարատիվի օրինակը

Սեպտեմբերին դիտարկված տեղեկատվական մանիպուլյացիայի առավել հստակ օրինակներից մեկը վերաբերում էր վիզաների ազատականացմանը և Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակելու ենթադրյալ պահանջին։ Սկզբնական հիմքը հայկական լրատվամիջոցների հաղորդումն էր վիզաների ազատականացմանը նախորդող հնարավոր պայմանների վերաբերյալ, որը հստակ չէր և պահանջում էր լրացուցիչ հաստատում։ Հետագա վերարտադրումների ընթացքում աղբյուրի հավաստիության վերաբերյալ վերապահումներն աստիճանաբար անհետացան։ Հնարավոր պայմանը սկսեց ներկայացվել որպես Եվրոպական միության դիրքորոշում, իսկ ավելի ուշ՝ որպես Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակելու հաստատված պահանջ։

Հաջորդ փուլում այս տեղեկությունը ներառվեց «վիզային շանտաժի» ավելի լայն նարատիվի մեջ և ներկայացվեց որպես ապացույց, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանից պահանջում է սահմանափակել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսպիսով, անորոշ տեղեկությունը վերածվեց Եվրոպական միության հետ մերձեցման աշխարհաքաղաքական գնի վերաբերյալ փաստարկի։

Դեպքը ցույց է տալիս FIMI-ի տեսանկյունից կարևոր մեխանիզմ։ Բազմակի տարածումը ոչ միայն մեծացնում էր հաղորդագրության հասանելիությունը, այլև փոխում դրա ընկալվող հավաստիությունը։ Շրջանառության ընթացքում անորոշության վերաբերյալ վերապահումներն աստիճանաբար վերանում էին, իսկ պնդումը դառնում էր ավելի կատեգորիկ։ Արդյունքում սկզբնապես թույլ հիմնավորված տեղեկությունը կարող էր շրջանառվել որպես հաստատված փաստ։

Վիզային նարատիվը սեպտեմբերյան մոնիթորինգում FIMI-ի առավել լավ փաստագրված օրինակներից մեկն է, քանի որ հնարավոր է հետագծել դրա տարածման ամբողջ հաջորդականությունը՝ անորոշ տեղական հաղորդումից մինչև բազմակի տարածման արդյունքում որպես փաստ ներկայացվող պնդում։


Ռուսական ուղերձները տարածող աղբյուրները, ալիքները և ամպլիֆիկացիայի մեխանիզմները

Սեպտեմբերյան մոնիթորինգը ցույց է տալիս, որ Հայաստանի վերաբերյալ ռուսական ուղերձները շրջանառվում են մի քանի փոխհատվող տեղեկատվական միջավայրերում։ Դրանք ներառում են ռուսական պետական հաստատություններն ու լրատվամիջոցները, ռուսալեզու մեկնաբանական հարթակներն ու սոցիալական մեդիայի ալիքները, Telegram-ը, ինչպես նաև հայալեզու կայքերը, տեղական մեկնաբաններն ու փորձագիտական շրջանակները։ Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս նույն կամ նմանատիպ ուղերձները բազմիցս վերարտադրել, հարմարեցնել տարբեր լսարանների և փոխադարձաբար ուժեղացնել՝ առանց միասնական հիերարխիկ կառույցի պարտադիր առկայության։

Հայկական մեդիա միջավայրում ռուսական պետական լրատվամիջոցներից առավել անմիջական ներկայություն ունի Sputnik Armenia-ն, որը գործում է «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության կազմում և հրապարակումներ է տարածում ռուսերենով ու հայերենով։ RIA Novosti-ն, TASS-ը, RT-ն և այլ ռուսական աղբյուրներ նույնպես նյութեր են տարածում, որոնք հետագայում կարող են թարգմանվել, ամփոփվել կամ հարմարեցվել այլ ալիքների կողմից։ Վերլուծված նյութերի շրջանակում Sputnik Armenia-ն ռուսական աղբյուրներից առավել հաճախ օգտագործվողներից էր։ Այդուհանդերձ, այս դիտարկումը վերաբերում է միայն մոնիթորինգի կորպուսին և չի բնութագրում ամբողջ հայկական մեդիա շուկան։

Կարևոր դեր ունեն նաև ռուսական պետական կառույցները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, անվտանգության կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ պետական մարմինների հայտարարությունները հաղորդագրություններին հաղորդում են բարձր ինստիտուցիոնալ կշիռ։ Սեպտեմբերին բազմիցս դիտարկվել է մի շղթա, որի ընթացքում պաշտոնական մակարդակում հնչած համեմատաբար զգուշավոր նախազգուշացումները հետագայում զարգացվում էին ավելի արմատական մեկնաբանություններում՝ շեշտադրելով ինքնիշխանության կորստի, անվտանգության թուլացման կամ պետականության անկման վտանգները։

Առավել կտրուկ բառամթերքը սովորաբար օգտագործվում էր ռուսալեզու մեկնաբանական միջավայրում և սոցիալական մեդիայում։ Հենց այս հարթակներում էին առավել հաճախ շրջանառվում «դավաճանության», «գաղութացման», «հայկական Զելենսկու» կամ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի վերադարձնելու անհրաժեշտության մասին ձևակերպումները։ Այսպիսով, պաշտոնական հաղորդագրությունը կարող էր սահմանել քննարկման թեման, իսկ մեկնաբանական միջավայրը՝ էապես ընդլայնել դրա հնարավոր հետևանքների շրջանակը։

Տեղական հայկական դերակատարները կատարում էին ուղերձների տեղայնացման կարևոր գործառույթ։ Ռուսական տեղեկատվական միջավայրում ձևակերպված նարատիվը կարող էր հետագայում հայտնվել հայ քաղաքական գործչի, փորձագետի, լրագրողի խոսքում և դառնալ ներքին քաղաքական բանավեճի մաս։ Նույն տեղեկատվական ուղերձը կարող էր այնուհետև վերադառնալ ռուսական մեդիա որպես «Հայաստանից հնչող ձայն»։ Նման համընկնումները  ինքնին չեն ապացուցում մեկ կենտրոնի կողմից օպերատիվ համակարգում. անհրաժեշտ է տարբերակել ռուսական վերահսկվող աղբյուրները, ռուսական ազդեցության համակարգի հետ հաստատված կապեր ունեցող դերակատարներից և տեղական աղբյուրներից, որոնք կարող են նույն նարատիվները վերարտադրել ինքնուրույն՝ քաղաքական, գաղափարական կամ ֆինանսական նպատակներից ելնելով։

Telegram-ը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ արագացնում է բովանդակության տարածումը տարբեր տեղեկատվական միջավայրերի միջև։ Հայտարարությունից վերցված մեջբերումը կարող է կտրվել համատեքստից, ուղեկցվել մեկնաբանությամբ կամ տեսանյութով, ապա տարածվել այլ ալիքներում ու կայքերում։ Ռուսամետ Telegram-յան ցանցերի և ավտոմատացված ակտիվության վերաբերյալ տվյալները հիմնված են արտաքին ուսումնասիրությունների վրա և չեն ներկայացնում սույն նախագծի շրջանակում իրականացված մոնիթորինգի արդյունքները։

Ռուսական սոցիալական և մշակութային ներկայության ենթակառուցվածքները՝ Ռուսական տները, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» (Ռուսաստանի համագործակցության դաշնային գործակալություն) ծրագրերը, համալսարանական համագործակցությունը և լեզվամշակութային նախաձեռնությունները, ինքնին չպետք է դասակարգվեն որպես FIMI-ի դրսևորումներ։ Դրանք, սակայն, ձևավորում են կապերի և ռուսական ներկայության կայուն միջավայր, որը գործում է մեդիա ազդեցության մեխանիզմներին զուգահեռ։

Նկարագրված համակարգի հիմնական առանձնահատկությունը նույն նարատիվի բազմակի շրջանառությունն է տարբեր աղբյուրների միջև։ Հաղորդագրությունը կարող է տարածվել ռուսական հաստատության կողմից, զարգացվել մեդիայի կամ մեկնաբանի կողմից, շրջանառվել Telegram-ով, հարմարեցվել տեղական դերակատարի կողմից և ապա կրկին հայտնվել ռուսական տեղեկատվական միջավայրում։ Նման շրջանառությունն ինքնին համակարգման ապացույց չէ, սակայն կարող է մթագնել նարատիվի սկզբնական աղբյուրը և ստեղծել տպավորություն, թե նույն մեկնաբանությունը տարբեր միջավայրերում ձևավորվում է անկախ կերպով։

Ռազմավարական ինքնավարության գինը՝ որպես հիմնական համոզման շրջանակ

Ռուսական տեղեկատվական ուղերձների ամենահետևողական ուղղություններից մեկը շարունակում էր մնալ Հայաստանի՝ Մոսկվայից ռազմավարական կախվածության նվազեցումը որպես բարձր և անմիջական ծախսերով ուղեկցվող գործընթաց ներկայացնելը։ Շեշտադրվում էին ռուսական շուկայի նշանակությունը, էներգետիկ արտոնյալ պայմանները և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսական օգուտները։ Դրան հակադրվում էր եվրոպական ինտեգրումը՝ որպես ուղղություն, որը կարող է հանգեցնել էներգակիրների թանկացման, շուկաներ մուտք գործելու դժվարությունների, ինչպես նաև արտահանման, տրանսպորտի և ներդրումների հետ կապված խնդիրների։ Այս մեխանիզմը հիմնականում հիմնվում է կորստից խուսափելու հակվածության վրա։ Դիվերսիֆիկացիայի հնարավոր օգուտները ներկայացվում են որպես հեռավոր, պայմանական և անորոշ, մինչդեռ Ռուսաստանի հետ առկա կապերի սահմանափակման ծախսերը՝ որպես կոնկրետ և տեսանելի։ Արդյունքում բանավեճի ծանրության կենտրոնը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ ռազմավարական ինքնավարության հնարավոր օգուտների քննարկումից տեղափոխվում է դեպի այն հարցը, թե կարճաժամկետ հեռանկարում ինչ կարող է կորցնել Հայաստանը։

Ռուսական ռազմական ներկայությունը՝ որպես անվտանգության պայման

Անվտանգության ոլորտում ռուսական տեղեկատվական ուղերձների կարևորագույն տարրերից մեկը շարունակում էր մնալ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։ Դրա ներկայությունը ներկայացվում էր որպես Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիք, իսկ հնարավոր կորուստը՝ որպես վտանգավոր ռազմավարական վակուումի առաջացման պատճառ։ Այս թեմայով ուղերձները բանավեճի առանցքը ռուսական ռազմական ներկայության արդյունավետության գնահատումից տեղափոխում էին դրա հնարավոր հեռացման հետևանքների քննարկման դաշտ։ Ռազմաբազան բնորոշվում էր որպես «վերջին վահան», իսկ ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը կապվում էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշման աճի հետ։ Իր առավել պարզեցված ձևով այս ուղերձները Հայաստանի ռազմավարական ընտրությունը հանգեցնում էին այն ենթադրությանը, որ Ռուսաստանի ռազմական ներկայության սահմանափակումը ավելի մեծ տարածք կստեղծի թուրքական ազդեցության համար։

Ամսվա վերջին այս նարատիվն ավելի էր ամրապնդվում այն սոցիոլոգիական հարցումների արդյունքների շեշտադրմամբ, որոնք ցույց էին տալիս հասարակության մի մասի աջակցությունը Հայաստանում ռուսական զորքերի հետագա տեղակայմանը։

Արևմուտքը՝ որպես Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի օգտագործող դերակատար

Զուգահեռաբար զարգացվում էր նաև այն նարատիվը, որը կասկածի տակ էր դնում Հայաստանի արևմտյան գործընկերների վստահելիությունը։ Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները ներկայացվում էին որպես դերակատարներ, որոնք օգտագործում են Հայաստանի աշխարհագրական դիրքն ու նրա աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությունը՝ ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար։

Արդեն ամսվա սկզբին ռուսական տեղեկատվական ուղերձներում Հայաստանը ներկայացվում էր որպես Ռուսաստանի դեմ հնարավոր «քավության նոխազ» կամ արտաքին դերակատարների ձեռքում գտնվող գործիք։ Վրաստանին և Ուկրաինային հղումները ծառայում էին կրկնվող սցենարի պատկեր ձևավորելուն։ Այդ սցենարը ներառում էր հետխորհրդային պետության մերձեցումն Արևմուտքի հետ, քաղաքական և ռազմական համագործակցության ընդլայնումը, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը և, ի վերջո, հակամարտության առաջացումը, որի հիմնական ծախսերը կրում է հենց այդ պետությունը։ Այս կերպ Հայաստանը ներառվում էր մի սխեմայի մեջ, որը ռուսական քարոզչությունն ավելի վաղ կիրառել էր տարածաշրջանի այլ պետությունների նկատմամբ։

Ամսվա կեսերին այս շրջանակը լրացուցիչ հարմարեցվեց հայկական համատեքստին՝ թուրքական սպառնալիքի առավել ակտիվ օգտագործման միջոցով։ Արևմուտքին վերագրվում էր ինչպես Ռուսաստանի հետ մրցակցության շրջանակում Հայաստանին որպես գործիք օգտագործելը, այնպես էլ Անկարայի աճող ազդեցության համար տարածք բացելը։ ՆԱՏՕ-ն այս ուղերձներում աստիճանաբար դադարում էր լինել մի կառույց, որը հիմնականում ասոցացվում էր Վաշինգտոնի կամ Բրյուսելի հետ, և սկսում էր ներկայացվել Թուրքիայի պրիզմայով՝ մի պետության, որը շատ ավելի խորն է արմատավորված հայկական պատմական հիշողության և սպառնալիքների ընկալման մեջ։ Սա հնարավորություն էր տալիս արևմտյան ենթարկման մասին ընդհանուր նարատիվին հաղորդել շատ ավելի տեղական և հուզական բնույթ։

ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները՝ որպես թվացյալ այլընտրանք

Ռուսական տեղեկատվական ուղերձներում Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ ներկայացվում էր որպես գործընթաց, որը հանգեցնում է անվտանգության համակարգի՝ արևմտյան կառույցներից աստիճանական կախվածության։ Բնորոշ մեխանիզմ էր տեխնիկական և ընթացակարգային փոփոխություններին ռազմավարական նշանակություն վերագրելը։ Զինվորական պատվի մատուցման ձևի փոփոխության վերաբերյալ քննարկումը ներկայացվում էր որպես հայկական բանակի՝ արևմտյան չափանիշներին անցնելու դրսևորում և դրա «ՆԱՏՕ-ացման» հերթական փուլ։ Այս կերպ կանոնակարգային փոփոխությունը ներկայացվում էր որպես ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացի և պաշտպանության ոլորտում ինքնավարության աստիճանական կորստի ապացույց։

Ամսվա վերջին այս նարատիվն ավելի էր ամրապնդվում ռազմական ծրագրերի ամերիկյան ֆինանսավորման և Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին աջակցության վերաբերյալ տեղեկությունների շրջանառմամբ։ Ռուսական ինստիտուցիոնալ և մեկնաբանական աղբյուրները արևմտյան ներգրավվածությունը ներկայացնում էին որպես թանկարժեք, երկարատև և արդյունավետության երաշխիքներից զուրկ լուծում։ Արդյունքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը ներկայացվում էր որպես ռիսկային փորձ՝ առկա ռուսական անվտանգության երաշխիքները փոխարինելու մի համակարգով, որը, ըստ այդ մեկնաբանությունների, ավելի քիչ հուսալի է և առավել կախված արտաքին պայմաններից։

Ուկրաինան՝ որպես նախազգուշացնող սցենար

Ռուսական տեղեկատվական ուղերձներում Ուկրաինան օգտագործվում էր որպես Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հնարավոր հետևանքների վերաբերյալ նախազգուշացնող օրինակ։ Արևմուտքի հետ մերձեցումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների սահմանափակումը և արևմտյան անվտանգության կառույցների հետ համագործակցության զարգացումը ներկայացվում էին որպես հաջորդական փուլեր, որոնք կարող են հանգեցնել Մոսկվայի հետ առճակատման։

Սեպտեմբերի վերջին այս սխեման ուղղակիորեն կապվեց Նիկոլ Փաշինյանի անձի հետ, որին ռուս մեկնաբանները սկսեցին անվանել «հայկական Զելենսկի»։ Այս բնորոշումը թույլ էր տալիս մեկ արտահայտության մեջ խտացնել այն ասոցիատիվ շրջանակը, որն ավելի վաղ արդեն ձևավորվել էր ռուսական տեղեկատվական ուղերձներում՝ Արևմուտքին ենթարկված առաջնորդ, Ռուսաստանի հետ հակամարտությունը խորացնող և սեփական պետությունը դեպի առճակատում տանող ղեկավար։ Նարատիվի այս անձնավորումը լրացուցիչ ամրապնդում էր ավելի վաղ շրջանառվող այն ուղերձը, ըստ որի՝ Մոսկվայից Հայաստանի ռազմավարական հեռացումը կարող է հանգեցնել այն սցենարի կրկնությանը, որը ռուսական քարոզչությունը ներկայացնում է որպես «ուկրաինական»։

Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես տեղական սպառնալիքի աղբյուրներ

Ռուսական հաղորդագրությունների կարևոր տարրերից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված մտահոգությունների պրիզմայով ավելի լայն աշխարհաքաղաքական նարատիվների ներկայացումն էր։ Ռուսաստանը ներկայացվում էր որպես Անկարայի և Բաքվի ազդեցության հետագա աճը սահմանափակող պատնեշ, իսկ ռուսական ներկայության թուլացումը՝ որպես գործոն, որը մեծացնում է Հայաստանի խոցելիությունը տարածաշրջանային հարևանների ճնշման նկատմամբ։

Ամսվա երկրորդ կեսին ի հայտ եկան թուրքական էքսպանսիայի վերաբերյալ ավելի արմատական հաղորդագրություններ, այդ թվում՝ Հայաստանի տարածքը որպես «թյուրքական աշխարհի» աշխարհագրական ամբողջացման համար անհրաժեշտ տարր ներկայացնելը։ Սա հնարավորություն էր տալիս ենթակառուցվածքների, անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շուրջ ընթացիկ վեճերը կապել Թուրքիայի կողմից սպառնալիքի պատմականորեն արմատավորված ընկալման հետ։

Զուգահեռաբար կասկածի տակ էր դրվում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վստահելիությունը։ Բանակցությունները ներկայացվում էին որպես Հայաստանի միակողմանի զիջումների հաջորդականություն, որտեղ յուրաքանչյուր փոխզիջում մեծացնում է Բաքվի հետագա ճնշման հնարավորությունը։ Տեղեկատվական ուղերձի առավել պարզեցված տարբերակում խաղաղությունը նույնացվում էր կապիտուլյացիայի հետ, իսկ կապիտուլյացիան՝ նոր տարածքների զիջման և պետականության կորուստների։ Այս շրջանակը խաղաղ գործընթացի մեկնաբանությունը հակամարտության ռիսկի նվազեցման կատեգորիայից տեղափոխում էր դիրքերի կորստի և Բաքվի հետագա ճնշման ուղղությամբ։

TRIPP․ ենթակառուցվածքից մինչև «գաղութացում»

TRIPP նախագիծը և Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային կապերի ապագան կարևոր տեղ էին զբաղեցնում սեպտեմբերին տարածված ռուսական տեղեկատվական ուղերձներում։ Սկզբում դրանք ներկայացվում էին որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռությանը սպառնացող գործոններ, այնուհետև՝ որպես ամերիկյան ռազմական և հետախուզական ենթակառուցվածքների տեղակայման հնարավոր տարածք և Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունն ուժեղացնող մեխանիզմ։ Հետագա հաղորդագրություններում տրանսպորտային նախագիծն ավելի ու ավելի հաճախ էր ներկայացվում անվտանգության տեսանկյունից։ Ենթակառուցվածքային և տնտեսական ռիսկերը կապվում էին երթուղիների նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը կորցնելու հնարավորության, թուրքական տնտեսական ներկայության աճի և Հայաստանի փաստացի ինքնիշխանության սահմանափակման հետ։ Ամսվա վերջին արդեն բացահայտորեն շրջանառվում էր «գաղութացման» նարատիվը։ Այսպիսով, TRIPP-ը դարձավ սեպտեմբերին դիտարկված նարատիվային էսկալացիայի առավել հստակ օրինակներից մեկը․ նախագիծը տնտեսական և ենթակառուցվածքային շրջանակից տեղափոխվեց անվտանգության ոլորտ, ապա ներկայացվեց որպես այլ ուժերի կողմից Հայաստանի ենթարկման և պետության նկատմամբ վերահսկողության կորստի խորհրդանիշ։

Ն։ Փաշինյանի և հանրային բանավեճի ինքնավարության ապալեգիտիմացում

Սեպտեմբերի ողջ ընթացքում նկատելի էր շեշտադրումների տեղափոխումը իշխանությունների առանձին որոշումների քննադատությունից դեպի պատասխանատվության կենտրոնացումը Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Հայաստանի վարչապետը ներկայացվում էր որպես երկիրը Ռուսաստանից ռազմավարականորեն հեռացնելու հիմնական պատասխանատու, Ադրբեջանի նկատմամբ զիջումների պատրաստ քաղաքական գործիչ և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հակամարտության մեջ գտնվող առաջնորդ, որը պետությունը տանում է մի ուղղությամբ, որի հետևանքները չի կարող վերահսկել։ Այս մոտեցումը հնարավորություն էր տալիս արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, խաղաղության գործընթացին և ներքին հակամարտություններին վերաբերող զարգացումները միավորել մեկ ընդհանուր ճգնաժամային պատկերի մեջ՝ դրանք վերագրելով կոնկրետ առաջնորդի որոշումներին։

Ամսվա երկրորդ կեսին նմանատիպ տրամաբանություն կիրառվում էր նաև հայկական հանրային բանավեճի մասնակիցների նկատմամբ։ Լրատվամիջոցների, լրագրողների և բլոգերների ամերիկյան ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների շեշտադրումը ծառայում էր արևմտամետ դիրքորոշումների ինքնավար բնույթը կասկածի տակ դնելուն։ Արտասահմանյան ֆինանսավորման փաստը ներկայացվում էր որպես այդ միջոցները ստացողների անկախությունը կասկածի տակ դնելու հիմք՝ առանց նրանց փաստարկների բովանդակության կամ խմբագրական գործունեության գնահատման։ Արդյունքում ապալեգիտիմացվում էին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքականությունը, այլև Հայաստանի ռազմավարական կողմնորոշման շուրջ բանավեճին մասնակցող շրջանակների մի մասը։ Արևմտամետ դիրքորոշումները կարող էին ներկայացվել որպես արտաքին ազդեցության և կախվածության արդյունք՝ այդպիսով կասկածի տակ դնելով դրանց ինքնուրույն ձևավորման հնարավորությունը։ Այսպիսի շրջանակավորումը նեղացնում է հանրային բանավեճի տարածքը և քաղաքական հակառակորդների գնահատումը պետական քաղաքական ուղղության շուրջ տարաձայնությունների մակարդակից տեղափոխում արտաքին դերակատարների հետ նրանց ենթադրյալ կապերի քննարկման դաշտ։

Եկեղեցին՝ որպես ինքնության շուրջ հակամարտության դաշտ

Իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակամարտությունը սեպտեմբերյան հաղորդագրությունների առավել հուզական թեմաներից էր։ Ռուսական և ռուսամետ աղբյուրները հատուկ ուշադրություն էին դարձնում կառավարության գործողությունների այն մեկնաբանությանը, ըստ որի՝ դրանք միջամտություն էին Եկեղեցու ինքնավարությանը և հարձակում Հայաստանի պատմական ու մշակութային շարունակականությունը խորհրդանշող հաստատություններից մեկի վրա։ Սա հնարավորություն էր տալիս վեճը ընթացիկ քաղաքականության մակարդակից տեղափոխել կրոնի, պատմության և իշխանության բարոյական լեգիտիմության հարթություն։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կոնկրետ գործողությունների քննադատությունն ընդլայնվում էր՝ ներառելով այն ենթադրությունը, որ կառավարությունը թուլացնում է ոչ միայն որոշակի ինստիտուցիոնալ միջավայր, այլև հայկական ինքնության հիմնական հենակետերից մեկը։

Ամսվա վերջին ուղերձների բառապաշարն ավելի կտրուկ էր դառնում։ Իշխանությունների գործողություններն արդեն ներկայացվում էին որպես աննախադեպ արշավ Հայ Առաքելական Եկեղեցու ազատության դեմ։

Ռուսաստանը՝ որպես դժվար փոխարինելի գործընկեր և միաժամանակ առաջարկ

Սեպտեմբերյան տեղեկատվական ուղերձները Մոսկվայի հետ հարաբերությունների սահմանափակման հետ կապված սպառնալիքների շեշտադրումը համադրում էին Ռուսաստանի՝ որպես ռեսուրսների, տեխնոլոգիաների և արդեն գոյություն ունեցող համագործակցության ենթակառուցվածքի տիրապետող պետության կերպարի կառուցման հետ, որը կարող է Հայաստանին առաջարկել շոշափելի օգուտներ։ Շեշտադրվում էին ռուսական շուկայի նշանակությունը, ռազմական ներուժը, արտոնյալ էներգետիկ պայմանները, համագործակցությունը եվրասիական կառույցների շրջանակում, ինչպես նաև կրթական, լեզվական և մշակութային նախագծերը։ Դրանք համեմատվում  էին դիվերսիֆիկացիայի օգուտների հետ, և վերջիններս  ներկայացվում էին որպես ավելի հեռավոր և անորոշ, իսկ Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները՝ հասանելի, փորձված և արագ փոխարինման անենթակա։

Ամսվա վերջում հատկապես հստակ օրինակ էին «Ռոսատոմի» հետ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագայի վերաբերյալ բանակցությունների մասին տեղեկությունները։ Այս դեպքում Ռուսաստանը ներկայացվում էր որպես ռազմավարական տեխնոլոգիաների և կարողությունների մատակարար, որոնց փոխարինումը կպահանջեր ժամանակ, նոր ներդրումներ և այլընտրանքային տեխնոլոգիական բազայի զարգացում։ Այս դեպքը տեղավորվում էր Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայացման ավելի լայն տրամաբանության մեջ, որտեղ այլընտրանքների ընկալվող արժեքի բարձրացումը զուգորդվում էր առկա կապերի պահպանման օգուտների շեշտադրմամբ։ Այդպիսով Ռուսաստանը ներկայացվում էր որպես դժվար և թանկ փոխարինելի գործընկեր՝ նույնիսկ այդ հարաբերությունների հետ կապված խնդիրների և սահմանափակումների գիտակցման պայմաններում։

Եզրակացություն․ ռազմավարական այլընտրանքների դաշտի սահմանափակում

Սեպտեմբերյան մոնիթորինգը ցույց է տալիս, որ Հայաստանի նկատմամբ ռուսական տեղեկատվական ազդեցության հիմնական մեխանիզմներից մեկը ռիսկերի ասիմետրիկ ներկայացումն էր։ Մոսկվայի հետ առկա հարաբերություններից բխող խնդիրները ներկայացվում էին որպես հայտնի և կառավարելի, մինչդեռ այլ ռազմավարական ուղղությունները՝ որպես դժվար կանխատեսելի ծախսերով և պոտենցիալ ավելի վտանգավոր հետևանքներով ուղեկցվող տարբերակներ։ Այս հաղորդագրությունների ազդեցիկության հիմքում փոփոխվող օրակարգին հարմարվելու կարողությունն էր։ Նոր զարգացումները ներառվում էին արդեն ձևավորված՝ անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության, ինքնության կամ արտաքին ենթարկման վերաբերյալ մեկնաբանական շրջանակներում։ Սա հնարավորություն էր տալիս պահպանել ուղերձների շարունակականությունը՝ անկախ քննարկվող թեմաների փոփոխությունից, և տարբեր բնույթի իրադարձությունները ներկայացնել Հայաստանի ռազմավարական ընտրությունների վերաբերյալ համանման մեկնաբանական շրջանակում։

Ամենակարևոր որակական փոփոխությունը տեղի ունեցավ ամսվա վերջին։ Ռուսաստանից հեռանալու ծախսերի մասին նախկին նախազգուշացումները մասամբ փոխարինվեցին այն նարատիվով, ըստ որի՝ վերահսկողության կորստի և Արևմուտքի ու Թուրքիայի շահերին ենթարկվելու գործընթացն արդեն սկսվել է։ Այս տրամաբանության շրջանակում այդ գործընթացի կասեցումը ներկայացվում էր որպես անհրաժեշտություն։ Այս նարատիվային կառուցվածքի հնարավոր հետևանքը ռազմավարական փոփոխության քաղաքական և հասարակական գնի բարձրացումն է, ինչպես նաև այն համոզմունքի ամրապնդումը, որ առկա այլընտրանքները Հայաստանին չեն առաջարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու՝ նույնքան անվտանգ ուղի։

Հավելված

Նույնականացված նարատիվների և համոզման շրջանակների կատալոգ

1. Ռազմավարական ընտրությունը և Ռուսաստանից հեռանալու արժեքը։ Հայաստանը ներկայացվում էր որպես պետություն, որը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Եվրոպական ինտեգրումը կապվում էր անմիջական տնտեսական ծախսերի, անորոշ օգուտների և ռուսական շուկայի, էներգետիկ ու առևտրային առավելությունների հնարավոր կորստի հետ։ Այս շրջանակում Մոսկվան ներկայացվում էր որպես ավելի կանխատեսելի ռազմավարական ուղղություն՝ նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ առկա կախվածությունն ընդունելու պայմաններում։

2. Ռուսական ռազմական ներկայությունը որպես անփոխարինելի անվտանգության երաշխիք։ Գյումրիի 102-րդ ռազմաբազան ներկայացվում էր որպես Հայաստանի անվտանգության առանցքային երաշխիք։ Դրա հնարավոր դուրսբերումը կապվում էր անվտանգության վակուումի, Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճի և Հայաստանի «վերջին վահանի» կորստի հետ։

3. Արևմուտքը որպես անվստահելի կամ ժամանակավոր գործընկեր։ Հայաստանի նկատմամբ արևմտյան հետաքրքրությունը ներկայացվում էր Ռուսաստանի հետ ավելի լայն առճակատման մաս։ Հայաստանը նկարագրվում էր որպես հնարավոր հակառուսական հենակետ, իսկ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը՝ որպես նոր արտաքին կախվածություններ ստեղծող գործընթաց։

4. Ուկրաինան և Վրաստանը որպես նախազգուշական սցենարներ։ Արևմտյան քաղաքական և անվտանգային կառույցների հետ համագործակցությունը կապվում էր Ռուսաստանի հետ առճակատման վտանգի հետ։ «Հայկական Զելենսկի» բնորոշումը այս նարատիվը անձնավորում էր Նիկոլ Փաշինյանի շուրջ։

5. Թուրքիան որպես հիմնական տեղական սպառնալիք։ Ռուսական ազդեցության թուլացումը կապվում էր Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմավարական ազդեցության աճի հետ։ Արևմտյան ներգրավվածությունը նույնպես ներկայացվում էր որպես ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային նախագծերի միջոցով Անկարայի ազդեցությունը մեծացնող գործոն։

6. Ադրբեջանի հետ խաղաղությունը որպես կապիտուլյացիա։ Բանակցությունները, սահմանային հարցերը, գերիների խնդիրը և տրանսպորտային պայմանավորվածությունները միավորվում էին հայկական հաջորդական զիջումների մեկ նարատիվի մեջ։ Փոխզիջումը ներկայացվում էր որպես Բաքվի հետագա պահանջների համար նոր տարածք ստեղծող քայլ։

7. TRIPP-ը որպես արտաքին միջամտության գործիք։ Նախագիծը հերթականությամբ կապվում էր ԱՄՆ ռազմավարական ներկայության, տրանսպորտային երթուղիների նկատմամբ վերահսկողության կորստի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերի, թուրքական տնտեսական ընդլայնման և վերջապես Հայաստանի «գաղութացման» հետ։

8. Եվրոպական վիզային քաղաքականությունը՝ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա ճնշում գործադրելու միջոց։ Վիզաների ազատականացման հնարավոր պայմանների վերաբերյալ անորոշ տեղեկությունները վերածվում էին եվրոպական «վիզային շանտաժի» և Ռուսաստանի քաղաքացիների մուտքը սահմանափակելու ենթադրյալ պահանջի մասին պնդումների։ Նարատիվը հետագայում ընդլայնվում էր նաև այն պնդմամբ, թե եվրոպական քաղաքականության նպատակը հայերի և ռուսների միջև սոցիալական ու մշակութային կապերի թուլացումն է։

9. Տնտեսական ճնշումը՝ որպես Հայաստանի սեփական ընտրությունների հետևանք։ Ռուսական տնտեսական արտոնությունների կամ առավելությունների հնարավոր սահմանափակումը ներկայացվում էր որպես Երևանի ռազմավարական վերակողմնորոշման կանխատեսելի գին։ Այս կերպ հնարավոր ռուսական սահմանափակումների համար պատասխանատվության մի մասը վերագրվում էր Հայաստանի քաղաքական որոշումներին։

10. Էներգետիկ կախվածությունը որպես կայունություն։ Ռուսական գազը և առկա էներգետիկ կապերը ներկայացվում էին որպես շոշափելի և կանխատեսելի առավելություններ։ Դիվերսիֆիկացիան և նոր տեխնոլոգիական լուծումները կապվում էին նոր կախվածությունների և էներգետիկ ինքնիշխանության հնարավոր թուլացման հետ։

11. Ռուսաստանը որպես դժվար փոխարինելի տեխնոլոգիական գործընկեր։ «Ռոսատոմը» և ռազմավարական այլ ոլորտներ օգտագործվում էին ցույց տալու համար առկա տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կապերի խորությունը և դրանց արագ փոխարինման դժվարությունը։

12. Ռուսաստանը որպես արևմտյան ճնշմանը դիմակայող պետություն։ Ռուսական տնտեսությունն ու պետությունը ներկայացվում էին որպես պատժամիջոցներին հարմարվելու և միջազգային դիրքերը պահպանելու ունակ համակարգ։ Այս նարատիվը թուլացնում էր այն փաստարկը, որ Հայաստանը պետք է հեռանա աստիճանաբար թուլացող Ռուսաստանից։

13. Փաշինյանը որպես ռազմավարական ռիսկի աղբյուր։ Արտաքին քաղաքականության, անվտանգության, Եկեղեցու և խաղաղության գործընթացի շուրջ տարբեր վեճերը անձնավորվում էին վարչապետի շուրջ և ներկայացվում որպես Հայաստանին թուլացնող մեկ ընդհանուր քաղաքական ուղղության դրսևորումներ։

14. Իշխանությունները որպես հայկական պետականության հիմքերը քայքայող ուժ։ Առանձին քաղաքական հակամարտությունները ներառվում էին պետության ինստիտուտների, անվտանգության, պատմական շարունակականության և ազգային ինքնության աստիճանական թուլացման ավելի լայն պատկերի մեջ։

15. Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես իշխանությունների թիրախ։ Կառավարության գործողությունները ներկայացվում էին որպես հարձակում հայկական պատմական և ազգային շարունակականության համար առանցքային հաստատության վրա։ Եկեղեցուն ցուցաբերվող ռուսական աջակցությունը միաժամանակ Մոսկվային հնարավորություն էր տալիս ներկայանալու որպես հայկական ավանդական ինքնության պաշտպան։

16. Արևմտյան ֆինանսավորում ստացող մեդիան և քաղաքացիական հասարակությունը որպես արտաքին վերահսկողության տակ գտնվող դերակատարներ։ Ֆինանսավորման աղբյուրներն օգտագործվում էին լրագրողների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների անկախությունը կասկածի տակ դնելու և արևմտամետ դիրքորոշումները արտաքին ազդեցության արդյունք ներկայացնելու համար։

17. Ռուսամետ դերակատարները որպես քաղաքական հալածանքի զոհեր։ Ռուսամետ համարվող անձանց նկատմամբ դատական և վարչական գործողությունները ներառվում էին իշխանությունների կողմից ամբողջ քաղաքական ուղղության դեմ իրականացվող ճնշման ավելի լայն նարատիվի մեջ։

18. Արևմտյան պետությունների հետ երկկողմ կապերը որպես աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ապացույց։ Լեհաստանի և արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները մեկնաբանվում էին Ռուսաստան–Արևմուտք մրցակցության շրջանակում և ներկայացվում որպես Հայաստանի եվրաատլանտյան ուղղությամբ շարժման լրացուցիչ նշաններ։

19. Ռազմավարական վերակողմնորոշումը որպես դավաճանություն։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կապվում էին հավատարմության, պատմական հիշողության և «բնական» դաշինքների գաղափարների հետ։ Քաղաքական ուղղության փոփոխությունը այս կերպ ներկայացվում էր ոչ միայն որպես ռազմավարական ընտրություն, այլև որպես սեփական պատմությունից հեռացում։

20. Հայաստանի «գրավումը»՝ որպես արդեն ընթացող գործընթաց։ Ամսվա վերջին արևմտյան ներգրավվածությունը, TRIPP-ը, ռազմական համագործակցությունը և տարածաշրջանային կարգավորման գործընթացները ավելի հաճախ ներկայացվում էին մեկ ընդհանուր նարատիվի շրջանակում, ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական ինքնավարությունը։

21. Ռուսական ազդեցության վերականգնումը՝ որպես ուղղիչ քայլ։ Արևմտյան և թուրքական ներգրավվածությունը Հայաստանի «գրավում» ներկայացնելուց հետո Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը կարող էր ներկայացվել որպես անվտանգության, ինքնիշխանության և նախկին ռազմավարական հավասարակշռության վերականգնման միջոց։

22. Ռուսաստանը՝ որպես դժվար, բայց անհրաժեշտ գործընկեր։ Սեպտեմբերյան հաղորդագրությունների զգալի մասը միավորող հիմնական գիծը մյուս ռազմավարական ուղղությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման համեմատ ավելի ռիսկային ներկայացնելն էր։ Այս մոտեցումը հնարավորություն էր տալիս Մոսկվայի հետ կապերը ներկայացնելու որպես ավելի կանխատեսելի տարբերակ՝ առանց Ռուսաստանին իդեալական կամ խնդիրներից զերծ գործընկեր ներկայացնելու։