Skip to main content

Թուրք-ադրբեջանական հարաբերություններ. Լարվածություն թե՞ վերադիրքավորում։

Եզրակացություն

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատելի է որոշակի  լարվածություն,  ինչը, սակայն,  չի նշանակում «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգից հրաժարում կամ ռազմավարական դաշնակցության խզում։ Ավելի շուտ այն բացահայտում է այդ հարաբերություններում առկա ներքին հակասությունները․ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են միմյանց դիտարկել որպես կարևոր գործընկերներ, սակայն ավելի մեծ ինքնուրույնության հասած Բաքուն չի ցանկանում, որ դաշնակցությունը վերածվի արտաքին քաղաքական որոշումների սահմանափակման։

Նախորդող հինգ տարիներին Ադրբեջանն օգտագործելով աշխարհագրական  դիրքը, էներգետիկ հնարավորությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, իրեն դիրքավորում է որպես միջին տերություն, ինչն ավելի շատ  մանևրելու հնարավորություն և միջազգային քաղաքական դիրք է տալիս վերջինիս։ Այդ պայմաններում Ալիևի հռետորաբանությունը՝ շեշտադրելով սեփական միջոցներով հաջողության հասնելը և արտաքին հովանավորության կարիք չունենալը, Թուրքիայի տեսանկյունից ընկալվում է որպես քաղաքական ինքնուրույնության ընդգծում։ Միամտություն կլինի կարծելը, որ այս քայելերով Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել Թուրքիայի հետ դաշնակցությունից․ ավելի հավանական է, որ Բաքուն ձգտում է պահպանել այդ դաշնակցությունը՝ միաժամանակ նվազեցնելով այն սահմանները, որոնցում կարող է հայտնվել Բաքուն Անկարայի հետ չափազանց սերտ քաղաքական համագործակցությունից։

Թուրքիայի համար խնդրահարույցը ոչ թե Ադրբեջանի արտաքին կապերի ընդլայնումն է, այլ Անկարայի տարածաշրջանային առաջնահերթությունների հետ որոշումները համաձայնեցնելու Բաքվի պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի համար նույնքան կարևոր է իր քաղաքական որոշումների ինքնուրույնությունը սահմանել այնքան, որ Թուրքիայի հետ հրապարակային մրցակցության  տպավորություն չստեղծի, քանի որ այն կարող է վնասել  Անկարայի հետ ռազմական, տնտեսական ու դիվանագիտական կապերին, որոնցից ինքը շարունակում է օգտվել։

Հարաբերությունների ներկա կարգավիճակը ցույց է տալիս, որ առաջիկայում երկու երկրները հավելյալ քննարկումների անհրաժեշտություն են ունենալու, հասկանալու թե ինչ պայմաններում են շարունակում դաշնակցային հարաբերությունները։ Եթե կողմերը կարողանան իրենց տարաձայնությունները պահել առանձին ոլորտների շրջանակում, ապա հարաբերությունները կարող են պահպանել ռազմավարական բնույթը՝ ավելի հստակ սահմանված ազգային շահերով։ Իսկ եթե փոխադարձ դժգոհությունը վերածվի շարունակական տեղեկատվական հակամարտության և տեղափոխվի պաշտպանական, տնտեսական կամ տարանցիկ համագործակցության ոլորտներ, ապա ներկայիս խորհրդանշական լարվածությունը կարող է վերածվել քաղաքական խնդրի, ինչը քիչ հավանական է։

Այսպիսով «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը չի վերանայվում, բայց կարող է ավելի հաճախ բախվել միջազգային քաղաքականության այն տրամաբանությանը, որ նույնիսկ ամենամոտ դաշնակիցները կարող են միմյանց հակադրվող շահեր ունենալ։ 


Լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում 


Թուրք ադրբեջանական հարաբերությունները մշտապես եղել, և այժմ էլ գտնվում են դաշնակցային բարձր մակարդակում։ Սակայն վերջին շրջանում նկատելի են լարվածության առանձին դրսևորումներ, որոնց պարբերականությունը հարցին համակարգային բնույթ է հաղորդում։ 

Ինչպես հայտնի է թուրք-իսրայելական սրված հարաբերությունների ֆոնին, թուրքական և իսրայելական պատվիրակությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (վեհաժողովի) 81-րդ նստաշրջանի ընթացքում լքեցին դահլիճը համապատասխանաբար միմյանց պատվիրակությունների ղեկավարի ելույթների ժամանակ։ Սակայն, թուրքական կողմի համար հատկապես նկատելի էր, որ ադրբեջանական պատվիրակը, չմիացավ  Նեթանյահուի դեմ բողոքի նման քայլին և մնաց դահլիճում։

Սա մեծ աղմուկ բարձրացրեց թուրքական քաղաքական շրջանակներում և սոցիալական ցանցերում։ Արդյունքում Ադրբեջանում խորհրդարանական մակարդակով հայտարարվեց, որ իրենք թուրքական տեղեկատվական հարձակման են ենթարկվում՝ չնշելով սակայն ամենակարևորը. արդյո՞ք Թուրքիայի նախագահի վարչակազմն է այս հարձակման հետևում կանգնած, թե երկրում ինքնուրույնաբար գործող ազգայնական խմբեր։

Շատ կարևոր է, որ մինչ այդ ևս մեկ ուշագրավ զարգացում արդեն իսկ լարում էր մտցրել երկու երկրների հարաբերություններում. Ադրբեջանում դպրոցականների համազգեստը սահմանող որոշումը, որը թուրքական շրջանակներում միանգամից մեկնաբանվեց որպես «գլխաշոր կրելու արգելքի» մասին որոշում։ Որոշումը պաշտոնական ձևակերպմամբ սահմանում է դպրոցականների համազգեստը և չունի գլխաշորի կիրառումը արգելելու առանձին նպատակ, սակայն թուրքական կողմի համար սա սովորական որոշում չէ. վերջիններս այս օրենքը մեկնաբանում են որպես «էրդողանական» քաղաքական գծից հեռացում, որտեղ իսլամը իր բացարձակ և առանձին դերն ունի։ Բազմաթիվ հրապարակումներում անմասն չմնաց նաև Հայաստանը։ Թուրքական «Yeni Akit» պարբերականում լույս տեսած մի հոդվածում խոսվում է այն մասին, որ նույնիսկ քրիստոնյա Հայաստանը հարգում է իսլամադավանների իրավունքները և անգամ այնտեղ այսպիսի արգելող ձևաչափ չկա։

Բայց մինչ այս դրվագները մտահոգությունների և քննարկումների ալիք էին բարձրացրել, հոկտեմբերի 2-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ ոքի ոչնչով պարտական չէ (մասնավորապես նկատի ունենալով 2020 պատերազմը)։ Վերջինս շեշտում էր, որ ամեն բան արվել է տեղական ջանքերով և տեղական միջոցներով։ Սա ուղղակիորեն հակասում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների մինչ այս գործած տրամաբանությանը։ Այն հակասում է նաև Շուշիի հռչակագրի տրամաբանությանը և այս ընթացքում Էրդողանի ելույթներում տեղ գտած բազմաթիվ կետերի և չի բխում երկու երկրների միջև մինչ այս ամրագրված գաղափարական «Մեկ ազգ՝ երկու պետություն» տրամաբանությանից։

Փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ, Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հոկտեմբերի 7-ին խոսել էր երկու երկրների միջև իրական, եղբայրական հարաբերությունների մասին՝ փորձելով հանդարտեցնել կրքերը։

Թվում է, թե քաղաքական լարումը նվազում է, սակայն ադրբեջանական APA գործակալությունը հրապարակում է մի տեղեկատվություն, ըստ որի Թուրքիան խախտում է Իսրայելի հանդեպ իր իսկ կիրառած առևտրային արգելքը, և թուրքական նավերը երրորդ երկրի դրոշի ներքո ժամանում են իսրայելական նավահանգիստներ և այնտեղ գործարքներ իրականացնում։ Այս հարապարակումը կարճ ժամանակ անց հեռացվեց, սակայն աննկատ չմնաց ուսումնասիրողների աչքից, քանզի առկա բովանդակությունը կարող է հարցեր առաջացնել Թուրքիայի ընդհանուր արտաքին քաղաքական օրակարգի շուրջ։ Անկողմնակալ գտնվելով հավելենք, որ Պաղեստինին հատկացվող օգնությունները ևս երբեմն կարող են ժամանել իսրայելական նավահանգիստներով, ուստի, ադրբեջանական APA գործակալության հրապարակումը կարող էր նաև ապակողմնորոշող և մանիպուլյատիվ բնույթ ունենալ։ 

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Ադրբեջանն այսպես գործում։ Ըստ էության 44-օրյա պատերազմից և մասնավորապես օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո, Ադրբեջանն այլևս չունի թուրքական կենտրոնից իր վրա  ազդեցություն հանդուրժելու կամ «փոքր եղբայր» լինելու կարիք։ Հարաբերություններն այլևս դիտարկվում են անկախ, հավասար, բայց միևնույն ժամանակ դաշնակցային դիրքերում։ Զուգահեռաբար, ինչպես հայտնի է ջերմանում են ադրբեջանաիսրայելական հարաբերությունները, նոր ընթացք են ստանում ադրբեջանառուսական և ադրբեջանաամերիկյան հարաբերությունները։ Սրան գումարվում է նաև Միջին միջանցքի առևտրային տեսական մեծ հանարավորությունների հեռանկարը, որն առաձին դեր է վերապահելու այս նախագծում ընդգրկված բոլոր երկրներին։

Մյուս կողմից ԱՄՆ-Իրան վերջին հակամարտության հետևանքով ստեղծված էներգետիկ ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար, քանի որ վեջինս համարվում է էներգետիկ պետություն և պատրաստ է այս ճգնաժամային իրավիճակում ներդնել բոլոր ջանքերը իր դերի բարձրացման համար։ Այս մասին է փաստում նաև Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը։

Կա նաև ներքաղաքական խնդիր. Ադրբեջանում պետք է սկսել նոր առաջնորդի ձևավորման գործընթացը։ Եվ հաշվի առնելով վերջին 3 տասնամյակներում այս երկրի ներքաղաքական գործընթացները, քննարկումներում հոլովվում է միայն մեկ անուն՝ Հեյդար Ալիև կրտսեր (օգտակար հղում)։ Ուստի կարող ենք ենթադրել, որ Ի․Ալիևը փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները ավելի դիվերսիֆիկացված և տարածաշրջանում տնտեսական բարձր կշիռ ունեցող պետությու կառուցելու համար։ Արդարացիորեն, գուցե միայն այսպիսի քաղաքականությունը  հաջողելու դեպքում  հնարավոր կլինի Ադրբեջանում տեսնել Ալիև ընտանիքի երրորդ սերնդի կառավարումը։

Հիմա անդրադառնանք գլխավոր հարցին. արդյո՞ք Ադրբեջանը հետ է կանգնում «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգից և արդյոք թուրքական կողմը հաշտ է այս գործելակերպի հետ։ Հստակ է, որ ոչ. ադրբեջանական կողմը փորձում է անկախ քայլեր կատարել թուրքական քաղաքական ազդեցության նվազեցման նպատակով և ժամանակն ընտրված է շատ հարմար՝ հակադրելով ադրբեջանի քաղաքական ղեկավարության առկա ամրությունը՝ թուրքական ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև տնտեսական համեմատական ստաբիլությունը՝ թուրքական ճգնաժամին։ Ադրբեջանը պետք է հաշվի առնի, սակայն, որ որքան էլ պահը հարմար լինի, Թուրքիան ամեն դեպքում քաղաքական պատմությամբ հարուստ և խորքային պետություն է և այն մշտապես կարող է արձագանքել և արձագանքելու է այսպիսի դրսևորումներին։ Այս պահին այդ արձագանքները հիմնականում ուղղված են  հարաբերությունները չսրելուն և երկու երկրների եղբայրական հարաբերությունները ընդգծելու, սակայն շատ կարևոր է հասկանալ նաև այն ազդեցությունը, որ թուրքական մշակույթն ունի ադրբեջանական հասարակության վրա, ինչը հուշում է, որ ադրբեջանական «բռունցքային» քաղաքականությունը (այնպիսին, ինչպիսին վարել է Հայաստանի ուղղությամբ) չի աշխատելու Թուրքիայի ուղղությամբ։ Կարելի է սպասել, որ այս լարվածությունը դեռ որոշակի դրսևորումներ ունենալու է և ամենայն հավանականությամբ հանգուցալուծվելու է երկու երկրների արտաքին գերտեսչություններ կամ նույնիսկ նախագահների քննարկման օրակարգում։ Պաշտոնական Բաքուն փորձում է դաշնակցային հարաբերությունը համատեղել ավելի լայն արտաքին քաղաքական ինքնուրույնության հետ։

Հայաստանն իր հերթին պետք է հաշվի առնի, որ այս երկու երկրների միջև հարաբերությունների լարումը չի նշանակում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Մյուս կողմից Հայաստանը ևս կարող է օգտվել այս առիթից և վերնշյալ երկրների հետ բանակցություններում շեշտը դնի ոչ թե ընդհանուր տարածաշրջանային, այլ առանձին՝ երկկողմ, շահերի առաջխաղացման վրա։