Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի։ Նախկինում հիմնականում աջակցություն ստացող Հայաստանը աստիճանաբար վերածվում է գործընկերոջ, և հարաբերությունները ձեռք են բերում փոխշահավետ բնույթ։ Առաջին հերթին, Հայաստանը ստորագրել է շրջանակային համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս մասնակցել ԵՄ-ի կողմից ղեկավարվող ճգնաժամերի կառավարման առաքելություններին և գործողություններին։ Թեև Հայաստանի ներդրումը կարող է դեռևս սահմանափակ մնալ, դա կարևոր ազդակ է Եվրոպական միության համար։ Հայաստանը նաև զարգացրել է իր ռազմարդյունաբերական համալիրը՝ նախատիպերի վրա հիմնված արտադրությունից աստիճանաբար անցնելով սերիական արտադրության, ինչը ԵՄ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում։ Համագործակցության երկրորդ ուղղությունը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին» և TRIPP-ին, որոնք առաջարկում են ոչ միայն Ասիայից դեպի Եվրոպա լրացուցիչ երթուղիներ, այլև ստեղծում են ԵՄ-ի համար ներդրումային նոր հնարավորություններ։
Հայաստանի աշխարհագրական դիրքը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային և գլոբալ դերակատարների համար, ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը և երկրի քաղաքական ու ինստիտուցիոնալ զարգացումը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը դարձնում են ԵՄ-ի համար տարածաշրջանում հնարավոր ռազմավարական գործընկեր։ Բացի դրանից, Ռուսաստանի ազդեցության աստիճանական նվազումը և Հայաստանում եվրոպական ներկայության ամրապնդումը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Բրյուսելի համար աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ ԵՄ-ի համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Իրանի հետ առկա քաղաքական հարաբերությունների շնորհիվ, որոնք Երևանին հնարավորություն են տալիս դառնալ Իրանի և ԵՄ-ի միջև հաղորդակցության լրացուցիչ ուղի։
Թեև «Խաղաղության խաչմերուկում» եվրոպական ներգրավվածությունը կարող է հետաձգվել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման նկատմամբ Ռուսաստանի կոնցեսիոն իրավունքների պատճառով, Հայաստանն ու ԵՄ-ն կարող են խորացնել իրենց համագործակցությունը <<Գլոբալ դարպասների>> (Global Gateway-ի) շրջանակներում։ Առավել կարևոր է ԵՄ-ի հետ Հայաստանի անվտանգային հարաբերությունների հետագա խորացումը, մասնավորապես՝ ԵՄ–Հայաստան Անվտանգության և պաշտպանության գործընկերության հաստատման միջոցով, ինչն ավելի բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել հետագա համագործակցության համար, այդ թվում՝ SAFE-ի (Եվրոպայի համար անվտանգության գործողություն) և EDIP-ի (Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագիր) համատեքստում։ Բացի այդ, հայկական և եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև համագործակցությունը երկու կողմերի համար նոր հնարավորություններ է ստեղծում՝ փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և հնարավոր համատեղ արտադրության միջոցով։ Վերջապես, հիբրիդային անվտանգության ոլորտում Հայաստանը պետք է դիրքավորվի ոչ միայն որպես եվրոպական փորձ և աջակցություն ստացող կողմ, այլև սեփական ներդրումն ունենա ԵՄ անդամ պետություններում՝ կիսվելով իր գործնական փորձով։
Հայաստանում ԵՄ–Հայաստան հարաբերությունների շուրջ քննարկումները հիմնականում ծավալվում են այն հարցի շուրջ , թե ի՞նչ կարող է Հայաստանը ստանալ Եվրոպական միությունից։ Թեև սա կարևոր հարց է, հատկապես անվտանգային, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, սակայն կա ևս մեկ հարց, որը հիմնականում անպատասխան է մնում․ Հայաստանում եվրասկեպտիկ ուժերը հաճախ պնդում են, որ Հայաստանը շատ բան չի կարող առաջարկել Եվրոպական միությանը և, հետևաբար, եվրոպական տեսանկյունից առաջնահերթություն չի ներկայացնում։ Հետևաբար, առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս կարող է ԵՄ-ն շահել Հայաստանի հետ հարաբերություններից։
Վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զգալիորեն խորացել են և հասել աննախադեպ մակարդակի։ Դրան զուգահեռ աստիճանաբար փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը։ Թեև Հայաստանը շարունակում է ԵՄ-ից զգալի աջակցություն ստանալ, սակայն նկատելի է, որ վերջին տարիներին ձգտում է նաև իր ներդրումն ունենալ այդ հարաբերություններում։ Սույն քաղաքականության համառոտագիրը հարցը դիտարկում է երեք տեսանկյունից՝ Հայաստանը որպես անվտանգային ոլորտում ներդրում ունեցող կողմ, ռազմավարական գործընկեր և կապակցվածության գործընկեր։
Դեպի փոխադարձության վրա հիմնված անվտանգային գործընկերությունՎերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն խորացրել են ոչ միայն քաղաքական հարաբերությունները, այլև անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։ Ներկայում Հայաստանում գործում են ԵՄ-ի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) երկու առաքելություններ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) քաղաքացիական դիտորդական առաքելություն է, որը ստեղծվել է 2023 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության պայմաններում։ Առաքելության ստեղծումից ի վեր սահմանային միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ 2026 թվականին ԵՄ-ն ստեղծեց Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (EUPM), որն աջակցում է Հայաստանին հիբրիդային և կիբեռսպառնալիքներին հակազդելու հարցում։ Բացի այդ առաքելություններից, ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է տրամադրել նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի (EPF) միջոցով, որը հնարավորություն է տալիս ֆինանսավորել Հայաստանի զինված ուժերի համար ոչ մահաբեր նշանակության սարքավորումների ձեռքբերումը։
2025 թվականից Հայաստանը սկսեց աստիճանաբար անցում կատարել բացառապես աջակցություն ստացողի կարգավիճակից դեպի այդ հարաբերություններում նաև ներդրում ունեցողի կարգավիճակին։ Նույն թվականին կողմերն առաջին անգամ անցկացրին Անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդակցություններ՝ քննարկելու այս ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները։ Հունիսի 30-ին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին Շրջանակային մասնակցության համաձայնագիր, որը Հայաստանին հնարավորություն է տալիս մասնակցել ԵՄ-ի՝ ճգնաժամերի կառավարման առաքելություններին և գործողություններին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա կարևոր զարգացում է երկկողմ հարաբերություններում և ԵՄ-ին ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն աջակցություն ստանալ, այլև իր ներդրումն ունենալ ընդհանուր անվտանգային ճարտարապետության մեջ։ Թեև կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ներդրումը, հավանաբար, սահմանափակ կմնա, համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ԵՄ-ի անվտանգային կառույցներին Հայաստանի աստիճանական ինտեգրման համար։
Հայաստանը նաև արագորեն ընդլայնել է իր ռազմարդյունաբերական համալիրը․ տեղական արտադրողների հետ կնքված պայմանագրերի ծավալը 2022 թվականի մոտ 14.4 միլիոն ԱՄՆ դոլարից վերջին տարիներին հասել է շուրջ 440 միլիոն ԱՄՆ դոլարի։ 2026–2028 թվականների համար նախատեսվել է ևս 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում/ավելացում։ 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, հետազոտությունների և մշակումների ֆինանսավորումն աճել է 50 տոկոսով։ Թեև այս ծավալները համեմատելի չեն համաշխարհային ռազմարդյունաբերության խոշոր դերակատարների ցուցանիշների հետ, դրանք վկայում են ոլորտի զարգացման տպավորիչ տեմպերի մասին։ Առավել կարևոր է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը աստիճանաբար անցում է կատարել նախատիպերի մշակումից դեպի սերիական արտադրության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի ոլորտներում։ 2026 թվականին Հայաստանն առաջին անգամ կարողացավ արտահանել տեղական արտադրության ռազմական նշանակության արտադրանք՝ նոր փուլ բացելով հայկական ռազմարդյունաբերության զարգացման համար։ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արագ ընդլայնումը՝ թե՛ քանակական, թե՛ որակական առումով, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության համար՝ հատկապես հաշվի առնելով ժամանակակից պատերազմների վերաբերյալ Հայաստանի գործնական փորձը։ 2026 թվականին հայկական BooTech-ի և ֆրանսիական Thales Group-ի միջև կնքված արդյունաբերական գործընկերությունը, որը նախատեսում է արտադրական փորձի փոխանակում, լավ օրինակ է, թե ինչպես կարող է նման համագործակցությունը փոխշահավետ լինել։
Վերջապես, թեև EUPM-ի միջոցով ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հիբրիդային և կիբեռանվտանգության ոլորտներում, այս ուղղությամբ համագործակցությունը պարտադիր չէ, որ մնա միակողմանի։ Հայաստանը ենթարկվել է ռուսական լայնածավալ հիբրիդային գործողությունների, այդ թվում՝ կիբեռհարձակումների, ապօրինի ֆինանսավորման և ապատեղեկատվական արշավների, հատկապես 2021 և 2026 թվականներին՝ ընտրական գործընթացներով պայմանավորված։ Արդյունքում Երևանը ձեռք է բերել արժեքավոր գործնական փորձ, որը կարող է փոխանցել նաև եվրոպական գործընկերներին։
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի կառավարության կողմից 2023 թվականին նախաձեռնված կապակցվածության նախագիծ է, որի նպատակն է տարածաշրջանը կապել Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ ուղղություններով։ Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP) Հայաստանի հարավով անցնող 42 կմ երկարությամբ հատված է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։ Այն նախատեսված է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար՝ ամբողջությամբ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Թեև TRIPP-ը հիմնականում հայ-ամերիկյան նախագիծ է, և նախատեսվող TRIPP Development Company-ում բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին, երրորդ կողմերի հնարավոր մասնակցության հարցը դեռևս բաց է մնում։
Այնուամենայնիվ, TRIPP-ը և «Խաղաղության խաչմերուկը» կարող են երկու հիմնական ուղղությամբ օգուտ բերել Բրյուսելին։ Առաջին՝ այս ենթակառուցվածքային նախագծերը կարող են ստեղծել Ասիան և Եվրոպան կապող լրացուցիչ երթուղի։ Հետազոտությունների, այդ թվում՝ AMBERD հետազոտական կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Հայաստանով անցնող նոր երթուղիները կարող են 5–10%-ով կրճատել Չինաստան–Եվրոպա տարանցիկ միջանցքի երկարությունը։ Այս երթուղիների ստեղծումը կարող է նաև 10–25%-ով կրճատել Հայաստանից դեպի Արևելյան Եվրոպա, իսկ 5–15%-ով՝ դեպի Կենտրոնական Եվրոպա առևտրային երթուղիների երկարությունը։ Այսպիսով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ոչ միայն օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին, այլև կարող է նպաստել Ասիայի և Եվրոպայի միջև կապակցվածության ընդլայնմանը։ Հայաստանի տարածքով տարանցումը նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծի արդեն գոյություն ունեցող Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա տարանցիկ երթուղուն զուգահեռ։ Միևնույն ժամանակ, այս երթուղիները չպետք է դիտարկել որպես միմյանց հետ մրցակցող, այլ՝ որպես միմյանց լրացնող։ «Խաղաղության խաչմերուկը», մասնավորապես դրա Հյուսիս–Հարավ ուղղությունը, կարող է նաև ամրապնդել Հնդկաստանից Իրանի և Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Եվրոպա կապակցվածությունը։
Երկրորդ՝ «Խաղաղության խաչմերուկը» վերաբերում է ոչ միայն կապակցվածությանը, այլև բիզնեսի և ներդրումների հնարավորություններին։ ԵՄ-ն կարող է ներգրավվել այս հեռանկարային տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծում, ինչպես ԱՄՆ-ն՝ TRIPP-ի միջոցով։ Թեև TRIPP-ում եվրոպական հնարավոր մասնակցության հարցը դեռևս հստակ չէ, այլ երթուղիներն ու ենթակառուցվածքային նախագծերը կարող են համագործակցության հնարավոր ուղղություններ դառնալ։ Միջազգային հետաքրքրությունն ու ներդրումները ևս ընդգծում են այս նախաձեռնությունների ավելի լայն նշանակությունը։
2026 թվականի «Միության վիճակի մասին» իր ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն Global Gateway ռազմավարության միջոցով նախատեսում է մոբիլիզացնել մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ՝ Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան անմիջականորեն Եվրոպային կապելու նպատակով։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն անմիջական հետաքրքրություն ունի տարածաշրջանային կապակցվածության նախագծերի զարգացման նկատմամբ և Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում դիրքավորվելու որպես Ասիան Եվրոպային կապող լրացուցիչ երթուղի։
Այնուամենայնիվ, եվրոպական հնարավոր ներդրումների համար որոշ խոչընդոտներ դեռևս չլուծված են մնում, մասնավորապես՝ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման ռուսական կոնցեսիայի հարցը։ Կրիտիկական նշանակության երկաթուղային ենթակառուցվածքների ռուսական կառավարումը հնարավոր եվրոպական ներդրողների համար ստեղծում է պատժամիջոցների հետ կապված ռիսկեր և առևտրային անորոշություն։ Հետևաբար, կոնցեսիայի հարցի լուծումը կարող է բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում եվրոպական մասնակցության համար։
Հայաստանը որպես տարածաշրջանում ռազմավարական գործընկեր2025 թվականին Հայաստանն ու ԵՄ-ն ընդունեցին ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որի նպատակն է խորացնել քաղաքական և ոլորտային հարաբերությունները։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուղղությամբ փափուկ հավասարակշռման Հայաստանի քաղաքականությունը երկիրը դիրքավորում է որպես տարածաշրջանում հնարավոր ռազմավարական գործընկեր։ Հայաստանը՝ որպես ԵՄ-ի հնարավոր ռազմավարական գործընկեր, կարելի է դիտարկել երեք հիմնական տեսանկյունից։
Հայաստանի քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք նպաստել է աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում ԵՄ-ի ներկայության ամրապնդմանը, մինչդեռ Ռուսաստանի ազդեցության նվազումը աշխարհաքաղաքական առավելություն է ստեղծում Բրյուսելի համար։ Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն նվազել է ինչպես ռուսական սահմանապահ զորքերի ներկայությունը, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ հանրային վստահությունը։ Միաժամանակ, CSDP-ի երկու առաքելությունների միջոցով ԵՄ-ի ֆիզիկական ներկայության ընդլայնումը և քաղաքական ազդեցության աճը, բարենպաստ պայմաններ են ստեղծել Բրյուսելի համար՝ ավելի լայն տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով։
2018 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ավելի է ամրապնդել ԵՄ-ի համար հնարավոր ռազմավարական գործընկերոջ նրա դիրքերը։ Ներկայում Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշներով առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասում և համեմատաբար բարձր արդյունքներ է գրանցում նաև ավելի լայն տարածաշրջանում։ 2026 թվականին Freedom House-ի գնահատմամբ Հայաստանը ստացել է 100 հնարավորից 54 միավոր՝ գերազանցելով Վրաստանին, որը ստացել է 51 միավոր։
V-Dem-ի 2026 թվականի Ընտրական ժողովրդավարության ինդեքսի համաձայն, որը գնահատում է ընտրությունների ազատ և արդար լինելը, ինչպես նաև քաղաքական ազատությունների երաշխավորվածության աստիճանը, Հայաստանը ստացել է 0.61 միավոր և դասակարգվել որպես ընտրական ժողովրդավարություն։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է ԵՄ անդամ և անդամակցության թեկնածու մի շարք երկրների, այդ թվում՝ Մոլդովային, Ալբանիային, Հունգարիային, Ռումինիային և Բուլղարիային։ Այս զարգացումները և եվրոպական քաղաքական նորմերին Հայաստանի աճող համապատասխանությունը երկիրը դարձնում են ԵՄ-ի համար քաղաքական առումով համապատասխան գործընկեր տարածաշրջանում։
ԵՄ-ի համար ոչ պակաս կարևոր մեկ այլ գործոն են Հայաստանի քաղաքական հարաբերությունները տարածաշրջանային և գլոբալ դերակատարների հետ։ Թեև Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են խնդրահարույց մնալ, Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում Իրանի, արաբական երկրների և Հնդկաստանի հետ։ Տարածաշրջանային դերակատարներից բացի, Հայաստանը նաև ձևավորել է գործնական բարձր մակարդակի հարաբերություններ Թրամփի վարչակազմի հետ, ինչի մասին վկայում են 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները և դրան հաջորդած բարձր մակարդակի շփումները Երևանի և Վաշինգտոնի միջև։ Հետևաբար, Հայաստանի արտաքին հարաբերությունների լայն ցանցը ևս մեկ հնարավոր առավելություն է ԵՄ-ի համար։ Երևանը կարող է հանդես գալ որպես հաղորդակցության լրացուցիչ ուղի և նպաստել երկխոսությանը, մասնավորապես՝ Իրանի նման դերակատարների հետ հարաբերություններում։
Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի և այլևս միակողմանի բնույթ չեն կրում․ համագործակցությունը փոխադարձ օգուտներ է ստեղծում երկու կողմերի համար։
Հաշվի առնելով Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները՝ համագործակցության որոշ ոլորտներ կարող են ավելի զգայուն լինել, քան մյուսները։ Սա հատկապես վերաբերում է կապակցվածության ոլորտին, որտեղ Հայաստանը փորձում է դիվանագիտական լուծումներ գտնել երկաթուղային ցանցի կառավարման նկատմամբ Ռուսաստանի կոնցեսիոն իրավունքների հարցում։ Թեև երկաթուղային համակարգի ռուսական կառավարումը և TRIPP-ի հետ կապված դեռևս չլուծված հարցերը մոտ ապագայում կարող են հետաձգել եվրոպական հնարավոր ներգրավվածությունը, Երևանն ու Բրյուսելը կարող են խորացնել համագործակցությունը տարածաշրջանային կապակցվածության այլ ծրագրերի, այդ թվում՝ Global Gateway-ի շրջանակներում։
EU Readiness 2030-ի և պաշտպանական ու ռազմարդյունաբերական կարողությունների զարգացմանն ուղղված եվրոպական մի շարք ծրագրերի համատեքստում Հայաստանը կարող է հետաքրքիր գործընկեր դառնալ ինչպես արտադրական փորձի փոխանակման, այնպես էլ համատեղ արտադրության ոլորտներում։ Չնայած ԵՄ մի շարք ծրագրեր շարունակում են հասանելի լինել միայն նեղ շրջանակի երկրների համար, իսկ երրորդ երկրների մասնակցության հնարավորությունները սահմանափակ են, Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային հարաբերությունների հետագա ինստիտուցիոնալացումը կարող է համագործակցության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել։
Մասնավորապես, ԵՄ–Հայաստան Անվտանգության և պաշտպանության գործընկերության հաստատումը, ինչպես Մոլդովայի դեպքում, գործնական և կարևոր քայլ կլիներ։ Նման գործընկերությունը կարող է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել եվրոպական պաշտպանական նախաձեռնություններին Հայաստանի մասնակցության համար, այդ թվում՝ SAFE-ի (Security Action for Europe), ինչպես նաև EDIP-ի (European Defence Industry Programme) շրջանակներում։
Ավելի խորը ինտեգրումը որոշակի փուլում կարող է օրակարգ բերել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցը։ Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունն արդեն իսկ սառեցված է, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը՝ կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու հնարավոր ծախսերը կարող են սահմանափակ լինել ԵՄ-ի հետ ավելի խորը անվտանգային համագործակցության հնարավոր օգուտների համեմատ։
Անվտանգության և պաշտպանության գործընկերության հաստատումից բացի, հայկական և եվրոպական պաշտպանական ընկերությունները պետք է խորացնեն գործնական համագործակցությունը։ Հայկական BooTech-ի և ֆրանսիական Thales Group-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են զարգանալ նման գործընկերությունները։
Վերջապես, հիբրիդային անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է աստիճանաբար վերածվի երկկողմ փորձի փոխանակման։ Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած փորձը և ԵՄ անդամ մի շարք պետությունների առջև ծառացած մարտահրավերները՝ Երևանը կարող է հանդես գալ ոչ միայն որպես եվրոպական փորձ ստացող կողմ, այլև իր ներդրումն ունենալ համագործակցության մեջ՝ եվրոպական գործընկերների հետ կիսվելով սեփական գործնական փորձով։