Skip to main content


Ժողովրդավարությունը՝ որպես ազգային անվտանգության բաղադրիչ

Ամփոփագիր

Ազգային անվտանգությունը հաճախ քննարկվում է ավանդական գործոնների տեսանկյունից՝ շեշտադրելով ռազմական կարողություններն ու տնտեսական ներուժը։ Հայաստանյան որոշ շրջանակների մոտ գոյություն ունի  այն ընկալումը, որ ժողովրդավարությունը թույլ կամ ոչ արդյունավետ կառավարման համակարգ, և անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով կկարողանա համախմբել հայությանը մեկ համազգային գաղափարախոսության շուրջ։

Սակայն ժողովրդավարության նշանակությունը չի սահմանափակվում միայն նրա նորմատիվ արժեքներով։ Ժողովրդավարությունն ունի նաև անվտանգության ապահովման կարևոր գործառույթներ։ Նախ՝ գործող ժողովրդավարական ինստիտուտները նպաստում են ինստիտուցիոնալ դիմակայունության և քաղաքական շարունակականության ապահովմանը։ Երկրորդ՝ քաղաքական բազմակարծությունը հնարավորություն է ստեղծում մրցակցող գաղափարների, քաղաքականությունների առաջնահերթությունների և քաղաքականության այլընտրանքային մոտեցումների ձևավորման համար՝ ամրապնդելով ռազմավարական հարմարվողականությունը։ Երրորդ՝ ժողովրդավարական լեգիտիմությունը կարող է ամրապնդել ներքաղաքական իշխանության դիրքերը և որոշ հանգամանքներում նվազեցնել արտաքին ուժերից կախվածությունը։ Վերջապես, ինչպես ցույց է տալիս Ռոբերտ Փութնամի երկմակարդակ խաղերի տեսական շրջանակը (Two levels game theory), ներքաղաքական սահմանափակումները կարող են ժողովրդավարական կառավարություններին որոշակի հանգամանքներում առավելություններ տալ միջազգային բանակցություններում։

Հետևաբար, ժողովրդավարությունը չպետք է դիտարկվի պարզապես որպես կառավարման ցանկալի համակարգ, այլ որպես Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության էական բաղադրիչ։


Ներածություն


2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, 2021 և 2022 թվականների Ադրբեջանի ռազմական հարձակումները  և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան, ինչպես նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը ակտիվացրել են ժողովրդավարության և ազգային անվտանգության փոխհարաբերությունների վերաբերյալ քննարկումները։ Թեև հիմնական ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ անվտանգության ավանդական գործոնների վրա, ինչպիսիք են ռազմական կարողություններն ու տնտեսական ներուժը, ազգային անվտանգության մյուս բաղադրիչները, մասնավորապես՝ կառավարման համակարգին առնչվող հարցերը, զգալիորեն ավելի քիչ ուշադրության են արժանանում։

Ավելին, ռազմական կարողությունների և տնտեսական ներուժի կարևորումից զատ, հնչում են նաև ուժեղ առաջնորդ ունենալու կոչեր, ով կկարողանա միավորել հայությանը մեկ համահայկական գաղափարախոսության շուրջ։ Այս համատեքստում քաղաքական դաշտի որոշ շրջանակներ ժողովրդավարությունն ու քաղաքական բազմակարծությունը ներկայացնում են որպես ոչ արդյունավետ կամ պոտենցիալ պառակտող երևույթներ՝ ենթադրելով, որ դրանք խաթարում են ազգային միասնությունը։ Թեև այս տեսակետները Հայաստանի քաղաքական դաշտում մեծամասնություն չեն կազմում, դրանք կարևոր հարց են բարձրացնում ժողովրդավարության և ազգային անվտանգության միջև կապի վերաբերյալ։

Ժողովրդավարությունը նույնպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, քանի որ նպաստում է պետական կառույցների կայունությանը և շարունակական աշխատանքին։ Սա առաջացնում է հետևյալ հարցը. ինչպե՞ս կարող է ժողովրդավարությունը նպաստել Հայաստանի ազգային անվտանգությանը։

Ինստիտուցիոնալ դիմակայունությունը և քաղաքական շարունակականությունը 


Քաղաքական կայունության տեսանկյունից ժողովրդավարական և ավտորիտար համակարգերի հիմնական տարբերություններից մեկը պետական կառույցների կայացվածության և դրանց գործունեության շարունակականության աստիճանն է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր ավտորիտար պետություններն ունեն թույլ պետական կառույցներ: Սակայն, մինչ որոշ ավտորիտար համակարգեր ավելի մեծ կախվածություն ունեն առանձին առաջնորդներից և չունեն բավարար չափով կայացած կառույցներ, կայացած ժողովրդավարական համակարգերը հիմնականում հիմնվում են կայացած պետական կառույցների և մեխանիզմների վրա, որոնք ապահովում են քաղաքական շարունակականությունը։

Օրինակ՝ Ադրբեջանում ձևավորվել է կառավարման համակարգ, որտեղ քաղաքական իշխանությունը կենտրոնացած է կլանային և ընտանեկան կապերով փոխկապակցված նեղ շրջանակի ձեռքում։ Չնայած Ադրբեջանի ավտորիտար համակարգը կարճաժամկետ որոշ իրավիճակներում կարելի է համարել ավելի ճկուն և «ուժեղ», նման համակարգը երկարաժամկետ հեռանկարում կարող կարող է մեծ կախվածություն ստեղծել առանձին առաջնորդներից՝ մեծացնելով քաղաքական անկայունության վտանգը ինչպես իշխանության փոխանցման գործընթացում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում։

Երկրի ղեկավարի անսպասելի հեռացման դեպքում գործող ժողովրդավարություններում կան սահմանադրական և պետական մեխանիզմներ, որոնք ապահովում են իշխանության շարունակականությունը։ Ի տարբերություն դրա՝ ավտորիտար համակարգերում, որտեղ իշխանությունը մեծապես կենտրոնացած է մեկ անձի շուրջ, իշխանության փոխանցումը կարող է ուղեկցվել ավելի մեծ անորոշությամբ և խնդիրներով՝ հանգեցնելով քաղաքական անկայունության։

Այսպիսով, պետական կառույցների գործունեության շարունակականությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, քանի որ նվազեցնում է պետության խոցելիությունը ղեկավարության հետ կապված ճգնաժամերի ժամանակ։


Ժողովրդավարական լեգիտիմություն


Մի կողմից՝ Բելառուսի և Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ցույց են տալիս ժողովրդավարության մեկ այլ կարևոր կողմ՝ ժողովրդավարական լեգիտիմությունը։ Երկրի ներսում ժողովրդավարական բարձր լեգիտիմությունը կարող է նպաստել պետության արտաքին ռազմավարական ինքնուրույնության ամրապնդմանը և արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ ճկունություն ապահովել։

Բելառուսի և Հայաստանի օրինակները ցույց են տալիս, որ ավտորիտար համարվող բելառուսական կառավարման համակարգը ժամանակի ընթացքում ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել Մոսկվայից, քանի որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իշխանությունը պահպանելու համար ապավինել է Ռուսաստանի աջակցությանը։ Մյուս կողմից՝ Հայաստանում ժողովրդավարական ավելի բարձր լեգիտիմությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել ռուսական ճնշմանը դիմակայելու և ավելի ինքնուրույն գործելու համար։ Լավագույն օրինակ են Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Չնայած նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի միջամտությանը, միջազգային դիտորդների ընդհանուր առմամբ դրական գնահատականները դժվարացրել են Ռուսաստանի և ռուսամետ քաղաքական ուժերի համար ընտրությունների արդյունքները վիճարկելու և դրանք ոչ ժողովրդավարական ներկայացնելու փորձերը։

Սա, իհարկե, չի նշանակում, որ Բելառուսի և Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումները պայմանավորված են բացառապես ժողովրդավարության գործոնով։ Սակայն ժողովրդավարական լեգիտիմությունը կարող է ամրապնդել պետության ռազմավարական ինքնուրույնությունը, քանի որ ներքին ավելի բարձր լեգիտիմություն ունեցող կառավարությունները կարող են ավելի քիչ կախված լինել արտաքին ուժերի քաղաքական աջակցությունից։


Քաղաքական բազմակարծություն

Ինչպես նշվել է ներածությանում, քաղաքական դաշտի որոշ շրջանակներ, այդ թվում՝ քաղաքական մեկնաբաններ, հանդես են գալիս մեկ միասնական համազգային գաղափարախոսության օգտին՝ դրանով իսկ անտեսելով քաղաքական բազմակարծության դերը։

Ի տարբերություն ժողովրդի միասնական կամքի մասին պոպուլիստական պատկերացման՝ ժողովրդավարությունն ու քաղաքական բազմակարծությունն ընդունում են, որ հասարակության մեջ գոյություն ունեն տարբեր, երբեմն միմյանց հակասող շահեր, որոնք պետք է արտացոլվեն քաղաքական ծրագրերում։ Ժողովրդավարական քաղաքական համակարգը մերժում է այն պոպուլիստական, ուտոպիստական և հնարավոր է նաև հակաժողովրդավարական պատկերացումը, թե գոյություն ունի մեկ միասնական համազգային գաղափարախոսություն։ Փոխարենը՝ այն հնարավորություն է տալիս ձևավորելու տարբեր քաղաքական ծրագրեր և գաղափարախոսություններ՝ հիմնված տարբեր առաջնահերթությունների վրա։

Այս մոտեցումը տեսականորեն հիմնավորվում է Հաննա Արենդտի քաղաքական փիլիսոփայության հայեցակարգով, որի համաձայն՝ մարդկային բազմազանությունը քաղաքական կյանքի հիմնարար պայմաններից է։ Թեև իրավունքի տեսանկյունից մարդիկ հավասար են, սակայն նրանց կենսափորձը, աշխարհընկալումները տարբեր են, ինչը և բացառում է հասարակության քաղաքական հայացքների լիակատար միատեսակությունը։ Հետևաբար ժողովրդավարության նպատակը ոչ թե միասնական գաղափարի հաստատումն է, այլ տարբեր դիրքորոշումների ազատ արտահայտման, քաղաքական մրցակցության և հանրային որոշումների կայացմանը մասնակցության ապահովումը։ 

Մեկ միասնական համազգային գաղափարախոսության խնդիրն այն է, որ դրա պարտադրումը կարող է հանգեցնել ավելի ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։ Սակայն սա չի նշանակում, որ ընդհանուր ազգային ինքնության գոյությունն անհնար է, կամ անհրաժեշտ չէ։ Ընդհանուր ազգային ինքնության առկայությունը դեռ չի ենթադրում մեկ միասնական քաղաքական գաղափարախոսության գոյություն։ Ընդհակառակը՝ ազգային շահերի տարբեր ընկալումներն ու մեկնաբանությունները պետք է ներկայացվեն տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից։

Ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական բազմակարծությունը հնարավորություն է տալիս անվտանգության մարտահրավերներին առաջարկել տարբեր մոտեցումներ, վերանայել գործող քաղաքականությունը, մշակել այլընտրանքային լուծումներ և ուղղել քաղաքական սխալ հաշվարկները։

Ժողովրդավարությունները միջազգային բանակցություններում


Մեկ այլ փաստարկ վերաբերում է միջազգային բանակցություններում կառավարությունների ներքաղաքական սահմանափակումներին։ Ժողովրդավարական համակարգերում կառավարությունները հաճախ ունեն որոշումներ կայացնելու ավելի սահմանափակ հնարավորություններ, քանի որ պետք է հաշվի առնեն խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և հասարակության տարբեր խմբերի դիրքորոշումները։ Թեև նման սահմանափակումները հաճախ դիտարկվում են որպես թուլություն, որոշակի հանգամանքներում դրանք կարող են ամրապնդել պետության բանակցային դիրքերը միջազգային հարթակում։ Համաձայն Ռոբերտ Փութնամի երկմակարդակ խաղերի տեսության՝ միջազգային բանակցություններն ընթանում են երկու փոխկապակցված մակարդակներում։ Ներքաղաքական մակարդակում որոշվում է քաղաքականապես ընդունելի համաձայնությունների շրջանակը, այսպես կոչված՝ win-set-ը, իսկ միջազգային մակարդակում կառավարությունները բանակցում են միմյանց հետ։

Մեր փաստարկի տեսանկյունից սա նշանակում է, որ ներքաղաքական առումով ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող պետությունները կարող են ավելի ուժեղ բանակցային դիրքեր ունենալ, քանի որ մյուս կողմը հաշվի է առնում վերջիններիս քաղաքական համակարգում առկա սահմանափակումները։ Եթե կողմերը պետք է հասնեն համաձայնության, ապա բանակցություններում ավելի մեծ ճկունություն ունեցող կողմը կարող է ստիպված լինել ավելի շատ ընդառաջել սահմանափակ հնարավորություններ ունեցող կողմին։ 

2002 թվականին Եվրոպական միության բյուջեի շուրջ բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը զգալի ներքին ճնշման էր ենթարկվում ֆերմերների կողմից, ինչը սահմանափակում էր փոխզիջումների գնալու նրա հնարավորությունները։ Եվրոպական մյուս պետությունները հաշվի էին առնում այս հանգամանքը, ինչն էլ  ամրապնդում էր  Ֆրանսիայի բանակցային դիրքերը։

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու Ադրբեջանի պահանջի համատեքստում Հայաստանը որոշակի հանգամանքներում կարող է ավելի ուժեղ բանակցային դիրքեր ունենալ, քանի որ նոր սահմանադրության ընդունումը և Ադրբեջանի պահանջների կատարումը Հայաստանի համար զգալիորեն ավելի բարդ կլինեն։ Նախ՝ նման սահմանադրական փոփոխության համար խորհրդարանում բավարար մեծամասնություն չկա, և երկրորդ՝ հանրաքվեն նույնպես կարող է բացասական արդյունք ունենալ։ Եթե կողմերը պետք է հասնեն համաձայնության կամ ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա Ադրբեջանը, որն այս կոնկրետ հարցում բանակցային ավելի մեծ ճկունություն ունի, կարող է ստիպված լինել մեղմել իր պահանջները։

Հայաստանի ժողովրդավարական զարգացման մարտահրավերները


Թեև 2018 թվականից հետո Հայաստանում ժողովրդավարության մակարդակը բարելավվել է, Freedom House-ի գնահատականները ցույց են տալիս, որ 2025 և 2026 թվականներին առաջընթաց չի գրանցվել։ Երկու տարիներին էլ Հայաստանը ստացել է 100 հնարավորից 54 միավոր։ Միջազգային դիտորդների գնահատականների համաձայն՝ Հայաստանում ընտրությունները դարձել են ավելի  ավելի ազատ և արդար։  Այդուհանդերձ,պետական կառույցների կայացման և արդյունավետ գործունեության հարցում դեռևս առկա են խնդիրներ,հատկապես դատական համակարգում։ Ըստ Freedom House-ի՝ դատական իշխանության անկախության ցուցանիշով Հայաստանը ստացել է հնարավոր 4 միավորից ընդամենը 1-ը։

Երկրորդ՝ Հայաստանում բացակայում են հստակ ձևավորված քաղաքական գաղափարախոսություններ, իսկ քաղաքական համակարգը շարունակում է մեծապես կենտրոնացած մնալ առանձին քաղաքական գործիչների ձեռքում։ Մի կողմից՝ այս իրավիճակը համեմատելի չէ ընտանեկան և կլանային կապերի վրա հիմնված ավտորիտար համակարգերի հետ, քանի որ Հայաստանում շարունակում են գործել ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ քաղաքական մրցակցությունը և խոսքի ազատությունը։  Մյուս կողմից՝ քաղաքականության անձնակենտրոն բնույթը, քաղաքական ուժերի միջև առկա բևեռացումը և հստակ ձևակերպված քաղաքական գաղափարախոսությունների բացակայությունը լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար։

Ազգային անվտանգության տեսանկյունից այս խնդիրները կարող են թուլացնել պետական կառույցների կայունությունը և սահմանափակել տարբեր ռազմավարական մոտեցումների ձևավորումը՝ նվազեցնելով ներքին և արտաքին ճգնաժամերին արդյունավետ արձագանքելու պետության կարողությունը։

Եզրակացություն և առաջարկություններ


Հաշվի առնելով վերոնշյալ փաստարկները՝ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտները կարևոր դեր ունեն Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում, և այն գործոններից են, որոնք կարող են օգնել Հայաստանին դիմակայել արտաքին ազդեցությանը։ Թեև կայացած ժողովրդավարությունները սովորաբար ավելի արդյունավետ կարող են լինել պետական կառույցների գործունեության շարունակականության ապահովման, ճգնաժամերի կառավարման և ժողովրդավարական լեգիտիմության շնորհիվ ռազմավարական ինքնուրույնության պահպանման հարցերում, Հայաստանը դեռևս ունի մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։

Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ոչ միայն կանխի ժողովրդավարական հետընթացը, այլև ամրապնդի պետական կառույցների կարողությունները, հատկապես՝ դատական համակարգի անկախությունն ու արդյունավետ գործունեությունը։

Պետական կառույցների ամրապնդման մեկ այլ կարևոր ուղղություն է անձնակենտրոն քաղաքական կուսակցություններից և կառավարումից անցումը դեպի գաղափարախոսությունների վրա հիմնված կուսակցական համակարգ։ Հայաստանում քաղաքական իշխանությունը մեծապես կենտրոնացած է վարչապետի ձեռքում, որը նաև խորհրդարանական մեծամասնություն ունեցող իշխող կուսակցության նախագահն է։ Թեև վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնների համատեղումը տարածված է բազմաթիվ խորհրդարանական երկրներում, Հայաստանի քաղաքականության անձնակենտրոն բնույթը լրացուցիչ նպաստում է քաղաքական իշխանության կենտրոնացմանը։ Այս համատեքստում անձնակենտրոնությունը խորացնող մեկ այլ խնդիր է եվրոպական ինտեգրումն ու ժողովրդավարությունը վարչապետի անձի հետ կապելը։ Թեև Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության գլխավոր դեմքերից մեկն էր, ժողովրդավարությունն ու ժողովրդավարական առաջընթացը չպետք է նույնացվեն կամ կապվեն բացառապես մեկ անձի հետ։

Ժողովրդավարական համակարգի կայացման համար կարևոր է ոչ միայն ազգային մակարդակում իշխանության հաշվետվողականության ապահովումը, այլև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը տեղական ինքնակառավարման մակարդակում։ Վերջինս կարող է նպաստել քաղաքական այլընտրանքների ձևավորմանը, քաղաքական առաջնորդների նոր սերնդի առաջխաղացմանը և կուսակցությունների՝ մեկ առաջնորդից անկախ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ 

Հետևաբար, հնարավոր երկարաժամկետ լուծումներից մեկը գաղափարախոսությունների վրա հիմնված քաղաքական դաշտի ձևավորումն է, որտեղ կուսակցությունները կառաջնորդվեն գաղափարախոսություններով, այլ ոչ թե առանձին անհատներով։ Հայաստանում քաղաքականության նկատմամբ գաղափարախոսական մոտեցումն ամրապնդելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ծրագրեր, հատկապես կրթական, որոնք կներկայացնեն քաղաքական գաղափարախոսությունների պատմությունը, ինչպես նաև կխթանեն ավելի սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը հայկական և, օրինակ, եվրոպական քաղաքական կուսակցությունների միջև։

Վերջապես, ուժեղ առաջնորդի և մեկ միասնական համահայկական գաղափարախոսության շուրջ քննարկումները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը՝ որպես կառավարման համակարգ, հաճախ սխալ է ներկայացվում կամ ընկալվում։ Ժողովրդավարությունը չպետք է դիտարկվի միայն որպես խոսքի և ընտրության ազատության վրա հիմնված համակարգ, այլ նաև որպես ազգային անվտանգության և հասարակության կայունության հիմնասյուներից մեկը։