Skip to main content

Շաքիի միջադեպը․ քաղաքացիական պաշտպանություն և հետևություններ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի համար

Ամփոփագիր

Շաքիի միջադեպը բացահայտեց Հայաստանի անվտանգային և ինստիտուցիոնալ համակարգի մի շարք խոցելիություններ։ Չնայած Ադրբեջանի կողմից նախապես տրամադրված տեղեկությանը, որ զինծառայող Նասիմի Մուսաևը անհետ կորել և հնարավոր է՝ անցել է Հայաստանի տարածք, վերջինս ոչ միայն չէր հայտնաբերվել, այլև հասել էր քաղաքացիական բնակելի տուն, ծանր վիրավորել Սյունիքի Շաքի գյուղի բնակիչ Անի Ավետիսյանին և վնասվածքներ հասցրել նրա երկու երեխաներին։

Միջադեպը հարցեր է առաջացնում վաղ նախազգուշացմանն արձագանքելու, միջգերատեսչական համակարգման, սահմանամերձ համայնքների և քաղաքացիական պաշտպանության, պետական մարմինների պատասխանատվության, ռազմավարական հաղորդակցության, հոգեբանական և կոգնիտիվ անվտանգության, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի շրջանակում նման միջադեպերի կառավարման վերաբերյալ։

Հայաստանը պետք է իրականացնի նախազգուշական և որոնողական գործողությունների հետգործողային վերլուծություն և սահմանի միջգերատեսչական ավելի հստակ ընթացակարգեր՝ զինված անձանց կողմից սահմանի հնարավոր հատման դեպքերին արձագանքելու համար։ Սահմանամերձ համայնքներում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական պաշտպանության գործուն մեխանիզմներ՝ ներառյալ վաղ նախազգուշացման ընթացակարգերը, տեղական արտակարգ իրավիճակների պլանավորումը, պատրաստվածության վարժանքները և արտակարգ հաղորդակցությունը։ Անի Ավետիսյանը և նրա ընտանիքը պետք է ստանան համապարփակ բժշկական, հոգեբանական և նյութական աջակցություն, իսկ նրա գործողությունները պետք է արժանանան պետական համապատասխան գնահատանքի։

Մուսաևի նկատմամբ քրեական վարույթը պետք է շարունակվի՝ հաշվի առնելով տիկին Ավետիսյանի և նրա երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների ծանրությունը։ Նրա գործը չպետք է դիտարկվի որպես սահմանը պատահաբար հատելու սովորական դեպք, միաժամանակ չբացառելով հետագայում նրա փոխանակումը Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է նաև ինստիտուցիոնալացնեն անհետ կորած զինծառայողների, սահմանը պատահաբար հատելու և սահմանային զինված միջադեպերի կառավարման մեխանիզմները։

Ռազմավարական հաղորդակցությունը պետք է դառնա ճգնաժամային կառավարման և ազգային դիմակայունության անբաժանելի մաս։ Միջադեպը նաև ընդգծում է անվտանգության հոգեբանական և կոգնիտիվ բաղադրիչին անդրադառնալու անհրաժեշտությունը։ Շաքիի միջադեպին զուգահեռ՝ Ադրբեջանը կրկին ակտիվացրել է ագրեսիվ հռետորաբանությունն ու կոգնիտիվ պատերազմի գործիքակազմը՝ շեշտադրելով իր ռազմական գերազանցությունը և Հայաստանին ուղղելով կեղծ նարատիվների վրա հիմնված մեղադրանքներ ու պահանջներ։ Նման հռետորաբանությունը հակասում է խաղաղության գործընթացի տրամաբանությանը և կարող է խորացնել Հայաստանի հասարակության մեջ անապահովության և խոցելիության ընկալումները։

Նմանատիպ դեպքերը լուրջ խոչընդոտ են խաղաղության գործընթացի առաջխաղացման և տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Սա ոչ միայն նվազեցնում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ ջանքերի արդյունավետությունը, այլև հարվածում է միջազգային գործընկերների հետևողական քայլերին։

Շաքիի միջադեպը չպետք է ո՛չ մեկնաբանվի որպես խաղաղության անհնարինության ապացույց, ո՛չ էլ դիտարկվի որպես մեկուսացված քրեական դեպք։ Այն ընդգծում է, որ խաղաղության գործընթացը պետք է ուղեկցվի սահմանային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության արդյունավետ ապահովմամբ, հանրային հաղորդակցության և հասարակական դիմակայունության ամրապնդմամբ։

Ներածություն

2026 թ. սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է զորամասը, և չի բացառվում նրա անցումը Հայաստանի տարածք։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները սկսել են իրականացնել որոնողական գործողություններ։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում երկու երեխաներ իրենց տանը հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Նրանց մայրը՝ Անի Ավետիսյանը, տուն վերադառնալով, հայտնաբերել է զինված Մուսաևին։ Մուսաևը կրակել է վերջինիս ուղղությամբ և ծանր վիրավորել նրան։ Երկու երեխաները նույնպես վնասվածքներ են ստացել ինքնապաշտպանության ընթացքում։ Ավետիսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել և շարունակում է գտնվել բժշկական հսկողության ներքո։ Մուսաևը փախուստի է դիմել, սակայն մոտ 90 րոպե անց հայտնաբերվել է մեկ այլ բնակելի տան գոմում և ձերբակալվել։

Հայաստանի իրավասու մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել՝ պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության և ապօրինի պահման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առնչությամբ։ Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։

Միջադեպը հարցեր է առաջացնում, որոնք դուրս են գալիս առանձին քրեական գործի շրջանակից։ Դրանք վերաբերում են նախապես ստացված նախազգուշացումից հետո Հայաստանի գործողություններին, սահմանամերձ համայնքների պաշտպանությանը և պատրաստվածությանը, ձերբակալված զինծառայողի նկատմամբ համապատասխան իրավական և քաղաքական մոտեցմանը, տուժած ընտանիքին աջակցության և օգնության տրամադրմանը, հանրային ընկալումներին, ռազմավարական հաղորդակցությանը և կոգնիտիվ անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի համար հնարավոր հետևանքներին։


1. Նախազգուշացման և արձագանքի միջև բացը

Անվտանգային հիմնական հարցը միայն այն չէ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը, այլ այն, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի կողմից նախնական նախազգուշացումը ստանալու և երկու օր անց Շաքիում տեղի ունեցած միջադեպի միջև ընկած ժամանակահատվածում։

Կարևոր է պարզել հետևյալը. ե՞րբ և որտե՞ղ է Մուսաևը հատել սահմանը, ինչպե՞ս է գնահատվել Ադրբեջանի տրամադրած տեղեկությունը, ո՞ր կառույցներն են այն ստացել, արդյոք իրականացվե՞լ են որոնողական աշխատանքներ և եթե այո, ապա աշխարհագրական ո՞ր տարածքում, և արդյո՞ք ոստիկանությունը, սահմանապահ զորքերը և մարզային իշխանություններն ունեցել են իրավիճակի ընդհանուր օպերատիվ պատկերը։ Մուսաևը կրակոցներից հետո ձերբակալվել է համեմատաբար արագ։ Հետևաբար հարց է ծագում, թե ինչու նախնական նախազգուշացումը չի հանգեցրել նրան կանգնեցնելուն նախքան քաղաքացիական բնակելի տուն ներթափանցելը։

Քաղաքականության տեսանկյունից հիմնական հետևությունն այն է, որ արժանահավատ վաղ նախազգուշացումը պետք է արժանանա նախապես սահմանված արձագանքի՝ սպառնալիքի արագ գնահատում, միջգերատեսչական տեղեկատվության փոխանակում, ուժեղացված դիտարկման և որոնողական միջոցառումներ, ինչպես նաև հնարավոր վտանգի ենթակա համայնքների համաչափ իրազեկում։

2. Դասալքությո՞ւն, սահմանի պատահաբար հատում, թե՞ դիվերսիա

Մուսաևի՝ զորամասը լքելու, Հայաստան անցնելու և դրան հաջորդած գործողությունների հանգամանքները շարունակում են անհստակ մնալ։ Ենթադրվում է, որ նա դասալիք է, որը հեռացել է իր զորամասից, որից հետո միտումնավոր կամ պատահաբար անցել է Հայաստան։ Դիվերսիոն կամ հետախուզական նպատակը չի կարող բացառվել, թեև ներկայումս դրա համար չկան բավարար ապացույցներ։

Մուսաևը զինված է եղել և տեղաշարժվել է Հայաստանի տարածքով։ Սա հիմք է տալիս ուսումնասիրելու նրա տեղաշարժերն ու մտադրությունները։ Միաժամանակ, հենց Ադրբեջանն է Հայաստանին տեղեկացրել, որ զինծառայողը կորել է և հնարավոր է՝ հատել է սահմանը, իսկ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել է, որ նա սահմանը հատել է միայնակ։

Քննությունը պետք է պարզի նրա զինվորական գործառույթը, սահմանը հատելու հանգամանքներն ու վայրը, նրա երթուղին և տեղաշարժերը, հաղորդակցություններն ու կապերը, ինչպես նաև՝ արդյոք նա փորձել է տեղեկություններ հավաքել, դիտարկել ենթակառուցվածքներ կամ հետապնդել է որևէ այլ հստակ նպատակ։

3. Սահմանամերձ համայնքների պատրաստվածություն և քաղաքացիական պաշտպանություն

Միջադեպը ցույց է տալիս օպերատիվ գաղտնիության, խուճապ չհարուցելու և սեփական անվտանգության համար անհրաժեշտ տեղեկատվություն ունենալու քաղաքացիական անձանց իրավունքի միջև հավասարակշռության անհրաժեշտությունը։ Պարտադիր չէ, որ իշխանությունները բացահայտեին ընթացող որոնողական գործողությունների մանրամասները, սակայն մարզային իշխանությունները, համայնքապետարանները, ոստիկանությունը, դպրոցները և հնարավոր վտանգի ենթակա համայնքները կարող էին ստանալ իրավիճակին համարժեք նախազգուշացումներ։

Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները պետք է ներառեն վաղ նախազգուշացում և իրազեկման տարբեր մակարդակներ՝ կախված սպառնալիքի աստիճանից, ինչպես նաև բնակչությանը ժամանակին տեղեկացնեն վտանգի և անհրաժեշտ գործողությունների մասին։ Սահմանամերձ համայնքները պետք է ունենան արտակարգ իրավիճակների հստակ պլաններ և պարբերաբար անցկացնեն պատրաստվածության վարժանքներ՝ անհրաժեշտության դեպքում ներառելով պատսպարման և տարհանման միջոցառումներ։

Սահմանամերձ համայնքների անվտանգության ապահովման ցանկացած լրացուցիչ մեխանիզմ պետք է գործի պետական անվտանգության համակարգի շրջանակում՝ հստակ կարգավորմամբ և պատասխանատվությամբ։ Միաժամանակ, համայնքները պետք է տեսնեն պետական կառույցների կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլեր՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար։ Դա կամրապնդի նրանց վստահությունը բնակչության անվտանգությունն ապահովելու պետության կարողության նկատմամբ։

4. Պատասխանատվություն և հնարավոր փոխանակում

Մուսաևի գործը չի կարող դիտարկվել պարզապես որպես սահմանն ապօրինի կամ պատահաբար հատելու դեպք։ Նա ներխուժել է քաղաքացիական բնակելի տուն, կրակել և ծանր վիրավորել կնոջը, իսկ նրա երկու երեխաները նույնպես վնասվածքներ են ստացել։ Այս գործողությունները պահանջում են քրեական քննություն և համապատասխան պատասխանատվություն։

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են վերադարձնել միջպետական սահմանը պատահաբար հատած զինծառայողներին։ Վստահության ամրապնդման այս սկզբունքը պետք է պահպանվի, սակայն այն չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ սահմանը հատած անձը ծանր քրեական հանցագործություններ է կատարում։

Հետևաբար, քրեական քննությունն ու պատասխանատվության ապահովումը պետք է շարունակվեն՝ առաջնահերթություն տալով Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքներին։ Խաղաղության գործընթացի նկատառումներով Մուսաևին պատասխանատվության չենթարկելը անպատժելիության վտանգ կստեղծի և կխաթարի սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ու արդարության զգացումը։

Հայաստանը չպետք է բացառի հետագայում Մուսաևին Ադրբեջանում պահվող հայ գերիների դիմաց փոխանակելու հնարավորությունը։ Նման որոշումը կարող է լինել միայն քաղաքական և մարդասիրական քայլ՝ չփոխելով հանդերձ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների իրավական գնահատականը։

5. Ռազմավարական հաղորդակցություն

Ռազմավարական հաղորդակցությունը ազգային դիմակայունության մաս է։ Պետությունը պետք է ժամանակին տրամադրի հավաստի տեղեկատվություն, հստակ տարանջատի հաստատված փաստերը չստուգված տեղեկություններից, ընդունի բացահայտված խոցելիությունները և ներկայացնի դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Միաժամանակ, խաղաղության հանձնառությունը չպետք է հակադրվի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը․ սահմանների պաշտպանությունը, ռազմական պատրաստվածությունը և քաղաքացիական պաշտպանությունը պետք է լինեն հանրային և քաղաքական քննարկման բնական մաս։

Անվտանգային միջադեպերի դեպքում պետական կառույցները պետք է արագ և համակարգված տեղեկացնեն հանրությանը, իսկ նոր տվյալների ի հայտ գալուն զուգահեռ՝ թարմացնեն տեղեկատվությունը։ Դա կնվազեցնի տեղեկատվական վակուումը և չստուգված կամ մանիպուլյատիվ տեղեկությունների տարածման հնարավորությունը։ Այս գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև մարզային և տեղական իշխանությունները։

6. Աջակցություն Անի Ավետիսյանին և նրա ընտանիքին

Պետության պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի շտապ բժշկական օգնությամբ։ Անի Ավետիսյանն իր իսկ տանը հրազենային ծանր վիրավորում է ստացել, իսկ նրա երեխաները ենթարկվել են զինված բռնության և նույնպես վնասվածքներ ստացել։

Ընտանիքը պետք է ստանա պետության կողմից ֆինանսավորվող բժշկական աջակցություն և վերականգնում, հոգեբանական օգնություն, որն անհրաժեշտության դեպքում պետք է կրի երկարաժամկետ բնույթ։ Պետք է տրամադրվի նաև նյութական օգնություն կամ փոխհատուցում։

Իր երեխաներին պաշտպանելու Անի Ավետիսյանի գործողությունները արժանի են պետական պարգևի կամ պատվոգրի։ Այս ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն ունի նաև ավելի լայն նշանակություն․ սահմանամերձ համայնքների բնակիչները պետք է վստահ լինեն, որ պետությունը կաջակցի անվտանգային միջադեպերից տուժած քաղաքացիական անձանց։

7. Հոգեբանական և կոգնիտիվ անվտանգություն և հետևություններ խաղաղության գործընթացի համար

Շաքիի միջադեպը զուգակցվեց ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանության ակտիվացմամբ՝ ռազմական գերազանցության շեշտադրմամբ և Հայաստանի հասցեին նոր մեղադրանքներով ու պահանջներով։ Եթե զինված ադրբեջանցի զինծառայողի հայտնվելը քաղաքացիական բնակելի տանը խորացնում է անապահովության և խոցելիության զգացումը բնակչության, հատկապես սահմանամերձ համայնքների շրջանում, ապա դեպքին ուղեկցող նման հռետորաբանությունը կարող է ուժեղացնել դրա հոգեբանական ազդեցությունը։

Հայաստանի հասարակությանը խաղաղության նախապատրաստելու պահանջները հակասության մեջ են մտնում Ադրբեջանի կողմից ռազմական գերազանցության շարունակական շեշտադրման, մեղադրանքների և սպառնալիք պարունակող ուղերձների հետ։ Միաժամանակ, հայկական կողմը, չնայած քաղաքացիական կնոջ և երեխաների տուժելուն, զերծ մնաց միջադեպն առանց ապացույցների կանխամտածված ադրբեջանական գործողություն որակելուց և այն քաղաքականապես սրելուց։ Նման զսպվածությունը պետք է փոխադարձ լինի։ Շաքիի նման միջադեպերը և դրանց ուղեկցող ագրեսիվ հռետորաբանությունը չպետք է խաթարեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի առաջմղման գործում զգալի ջանքեր են ներդրել նաև միջազգային գործընկերները։