Ամփոփում
2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որը ստացել է «Իսլամական ՆԱՏՕ» անվանումը, հետագայում կարող է գնահատվել որպես Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետության վերափոխման առանցքային իրադարձություն։ Չնայած կազմակերպությունը ինստիտուցիոնալ առումով դեռևս սաղմնային վիճակում է, այն ստեղծում է փոխադարձ պաշտպանության և ռազմարդյունաբերական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ: Միաժամանակ, ինչպես նշել են հիմնադիրները, ձևաչափը բաց է նոր անդամների ներգրավման համար։ Հնարավոր թեկնածուներից առաջինը Եգիպտոսն է, մինչդեռ առավել մեծ աշխարհաքաղաքական նշանակություն կարող է ունենալ Իրանի հնարավոր անդամակցությունը, որը, սակայն դեռևս չի հաստատվել։ Օգոստոսի 23-ին տարածված տեղեկությունը Իրանին հնարավոր հրավեր ուղարկելու մասին հաջորդ օրը պաշտոնապես հերքվեց Թեհրանի կողմից, թեև կողմերի միջև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ երկխոսության փաստը հաստատվել է։ Զուգահեռաբար, Իսրայելի կողմից օգոստոսի 18-ին Սիրիայի Աբու ալ-Դուհուր ռազմաօդային բազային հասցված հարվածից հետո, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները մտել են ավելի սրված փուլ. ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, այս հարվածի կապակցությամբ, նախազգուցացրել է անվերահսկելի էսկալացիայի ռիսկի մասին։ Այսպիսով, երկու երկրների միջև ձևավորվել է այնպիսի քաղաքական-ռազմական միջավայր, որտեղ պատահական միջադեպը, սխալ հաշվարկը կամ ներքաղաքական շարժառիթով նախաձեռնված գործողությունը կարող է իրավիճակը դարձնել անկառավարելի։
Սույն վերլուծությունը հիմնավորում է այն տեսակետը , որ Մեքքայի համաձայնագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես ԱՄՆ-ին հակադիր բլոկի ձևավորում, այլ որպես տարածաշրջանային պետությունների կողմից «անվտանգային ինքնավարության» ձևավորման փորձ՝ այն իրավիճակների համար, երբ ամերիկյան անվտանգային երաշխիքները բավարար չլինեն։
Մերձավոր Արևելքի անվտանգային հին ճարտարապետությունը և նոր նոր անվտանգային հաշվարկը. Մեքքայի համաձայնագիր
Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգը տասնամյակներ շարունակ հենվել է ԱՄՆ-ի ռազմական ներկայության և անվտանգության երաշխիքների վրա։ 2026 թվականի ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները տարածաշրջանի պետությունների համար ընգծեցին, որ ամերիկյան ներկայությունն ինքնին կարող է բավարար չլիներ նրանց անվտանգության ապահովման համար։ Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել Մեքքայի համաձայնագիրը. այն արտահայտում է ոչ թե ՆԱՏՕ-ից հեռացման միտում, այլ ունի ապահովագրական տրամաբանություն։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ նոր մեխանիզմը նախատեսված է լրացնելու, այլ ոչ փոխարինելու գործող դաշինքները։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի օգոստոսյան հայտարարությունը, ըստ որի՝ տարածաշրջանի երկրները գիտակցել են սեփական անվտանգությունը առավելապես սեփական հնարավորությունների հիման վրա կառուցելու անհրաժեշտությունը, լավ արտացոլում է այս միտումը։
Մեքքայի համաձայնագիրը․ ի՞նչ է իրականում ստեղծվել։
2026 թվականի օգոստոսի 7-ին Էրդողանը, Մուհամմեդ բին Սալմանը և Շահբազ Շարիֆը ստորագրեցին համաձայնագիր, որի կենտրոնական դրույթը սահմանում է, որ կողմերից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների դեմ։ Ֆիդանն այս մեխանիզմը համեմատել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսված փոխադարձ պաշտպանության սկզբունքի հետ, սակայն համաձայնագիրը չի նախատեսում ՆԱՏՕ-ին բնորոշ միասնական հրամանատարական համակարգ , մշտական ռազմական ուժեր կամ համապարփակ ռազմական պլանավորման համակարգ։ Այստեղից էլ ծագում է «Իսլամական ՆԱՏՕ» անվանման երկակիությունը. մի կողմից` այն կարող է չափազանցված թվալ, մյուս կողմից՝ անվանումը պատահակն չէ, քանի որ համաձայնագրի առանցքում ևս փոխադարձ պաշտպանության սկզբունքն է։
Կարևոր է նշել, որ երեք պետությունների ռազմական ներուժը փոխլրացնող է։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բանակ և զարգացած պաշտպանական արդյունաբերություն, Սաուդյան Արաբիան՝ հսկայական ֆինանսական ռեսուրսներ, իսկ Պակիստանը՝ մուսուլմանական աշխարհի միակ միջուկային տերության կարգավիճակ։ Հենց այս համադրությունն է դաշինքին հաղորդում ռազմավարական նշանակություն, իսկ համաձայնագրի երկարաժամկետ նշանակությունը կարող է պայմանավորված լինել ոչ այնքան ներկայիս ինստիտուցիոնալ կարողություններով, որքան ապագայում այդ ռեսուրսների համադրման հնարավորությամբ ։ Ըստ էության, փաստաթուղթը հավակնում էլ պատասխանել այն հարցին, թե ով է ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը, եթե պետություններն այլևս ամբողջությամբ չվստահեն արտաքին երաշխավորներին։
Կարևոր է նաև Մեքքայի՝ որպես ստորագրման վայրի ընտրությունը։ Համաձայնագիրը կարող էր ստորագրվել Անկարայում, Ռիադում կամ Իսլամաբադում, սակայն ընտրված վայրը ստեղծում է խորհրդանշական կապ ռազմական համագործակցության և իսլամական քաղաքակրթական ինքնության միջև. Սաուդյան Արաբիան ոչ միայն դաշինքի ֆինանսական հենակետն է, այլև երկու սրբավայրերի պահապանը։ Կրոնական բառապաշարը թույլ է տալիս կառավարություններին ռազմավարական պարտավորությունը ներկայացնել նաև որպես քաղաքակրթական ինքնության շարունակություն, ինչը հատկապես կարևոր է Թուրքիայի և Էրդողանի քաղաքական նարատիվների համատեքստում ։ Սակայն, քանի որ երեք հիմնադիրներն էլ սուննի պետություններ են, «իսլամական» բնութագրումն ինքնաբերաբար չի նշանակում ամբողջ իսլամական աշխարհի ներկայացվածություն։ Այս համատեքստում շիա Իրանի հնարավոր մասնակցությունը կարող էր դառնալ համաձայանգրի որակական ընդլայնման գործոն։
Իրանի հարցը և «հակադրական բլոկի» մեկնաբանությունըՕգոստոսի 23-ին Իրանի «Խանե Մելլաթ» գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին հայտնեց, որ Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին: Սակայն հաջորդ օրը Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային պաշտոնապես հերքեց հրավերի առկայությունը՝ միաժամանակ հաստատելով տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցային առաջարկների գոյությունը։ Կարևոր է նշել, որ անկախ պաշտոնական հրավերի հաստատումից կամ մերժումից` ինքնին հաղորդակցության փաստը էական է։ Ուշագրավ է նաև Պակիստանի դաշտային մարշալ Ասիմ Մունիրի` օգոստոսի 24-ին Թեհրան կատարած այցը, որը կարող է վկայել Իսլամաբադի՝ Ռիադի, Անկարայի և Թեհրանի միջև հնարավոր միջնորդի դեր ստանձնելու ձգտման մասին։ Իրանի լիարժեք ինտեգրումը սուննի եռակողմ դաշինքին կարող էր այն վերածել տարածաշրջանային կենտրոնների միջև անվտանգային նոր համակարգի հիմքի, որտեղ պատմական մրցակիցներ Սաուդյան Արաբիան և Իրանը կգործեինլ նույն շրջանակում։ Հիմնադիր կողմերը համաձայնագիրը հստակորեն չեն ներկայացնում որպես որևէ պետության դեմ ուղղված նախաձեռնություն: Ֆիդանն ընդգծել է դրա ոչ հակադրական բնույթը, ինչը համահունչ է նաև դրա հիմքում ընկած պրագմատիկ տնտեսական դրդապատճառներին՝ մասնավորապես՝ Սաուդյան կապիտալի հնարավոր ներգրավմանը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունում։ Այսպիսով, համաձայնագրում կարելի է առանձնացնել երեք՝ միմյանց լրացնող շերտ՝ անվտանգային, քաղաքական և տնտեսական։ Հակաիրանական կամ հակաիսրայելական բլոկի ձևավորման մեկնաբանությունը, սակայն պետք է դիտարկել զգուշությամբ, քանի որ Թուրքիա- Իրան հարաբերություններում առկա են ինչպես մրցակցային, այնպես էլ համագործացային բաղադրիչներ իսկ Պակիստանը փորձում է պահպանել իր միջնորդական դերը տարածաշրջանում։
Թուրքիա–Իսրայել առճակատումը և Սիրիայի ճակատը
Առկա տեսակետները, ըստ որոնց՝ Մեքքայի համաձայնագիրը հակաիսրայելական հարթակ է, հեշտորեն հերքվում են: Սաուդյան Արաբիան պահպանում է խոր և բազմաաշերտ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունները 2026-ին բարելավվել են, իսկ Դոնալդ Թրամփը Մեքքայի համաձայնագիրն անվանել է «կարևոր առաջին քայլ»։ Ավելի հավանական է, որ Անկարայի նպատակը ոչ թե արմատական հակաիսրայելական դիրքավորման ձևավորումն է, այլ այնպիսի տարածաշրջանային միջավայրի ստեղծումը, որտեղ Իսրայելը չի կարող միակողմանի սահմանել անվտանգության կանոնները։ Մասնավորապես, Թուրքիա–Իսրայել հակասությունը Գազայում սկսվել է որպես քաղաքական-գաղափարական հակամարտություն, սակայն Սիրիայում այն աստիճանաբար վերածվում է անվտանգային մրցակցության։ Ասադի տապալումից հետո Թուրքիան դարձել է Դամասկոսի նոր իշխանության առաջատար աջակիցներից մեկը՝ տրամադրելով ռազմական ուսուցում և տնտեսական աջակցություն, մինչդեռ Իսրայելի առաջնահերթություններն են Գոլանի անվտանգության գոտու պահպանումը, Սիրիայի սպառազինության սահմանափակումը և սեփական օդուժի գործողությունների ազատության ապահովումը։ Այսպիսով, երկու երկրների ռազմավարական տրամաբանությունները էապես տարբերվում են. Անկարայի համար ուժեղ և միասնական Սիրիան կարող է դիտարկվել որպես անվտանգության բաղադրիչ, մինչդեռ Թել Ավիվի տեսանկյունից առավել կարևոր է Սիրիայի ռազմական կարողությունների սահմանափակումը և դրա տարածքից բխող սպառնալիքների նվազեցումը։
Այս ամենին գումարվում է նաև օգոստոսին երկկողմ հռետորաբանության կոշտացումը. Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում,Կացը մեղադրել է Էրդողանին «անհարկի արկածախնդրության» մեջ, իսկ Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք պատերազմի մասին չենք խոսում, մենք խոսում ենք խաղաղության մասին։ Բայց եթե որևէ մեկը հարձակվի Թուրքիայի վրա պատերազմի նպատակով, Թուրքիան չի խուսափի պատերազմից և չի նահանջի»։
Այս ամենը չպետք է դիտարկել սոսկ արտքաին քաղաքականության տեսանկյունից, կարևոր է հաշվի առնել նաև ներքաղաքական գործոնը: Ամերիկյան վերլուծական շրջանակներում շրջանառվող գնահատականների համաձայն՝ բարդ նախընտրական իրավիճակում գտնվող Նեթանյահուն կարող է շահագրգռված լինել Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշման հրապարակային ցուցադրմամբ։ Այս մոտեցումը կիսում է նաև նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, ով Անկարայի հետ լարվածության խորացումը որակել է «անպատասխանատու և հիմար»՝ Նեթանյահուի կոշտ դիրքորոշումը կապելով հոկտեմբերի 27-ի ընտրությունների հետ։ Էրդողանը դեռևս 2024 թվականին՝ Գազայի պատերազմի համատեքստում, հայտարարել էր, թե Թուրքիան կարող է Իսրայելի նկատմամբ գործել այնպես, ինչպես գործել է Լիբիայում և Ղարաբաղում։ Սակայն, ի տարբերություն այդ երկու դեպքերի, Իսրայելի պարագայում Թուրքիան բախվելու է ոչ միայն նրա ռազմական ներուժին, այլև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ու ՆԱՏՕ-ում իր դիրքի վրա հնարավոր հետևանքների ու խնդրին։ Հետևաբար, այդ հայտարարությունն ավելի շուտ կարելի է դիտարկել որպես քաղաքական ազդանշան, քան որպես անմիջական ռազմական գործողության սպառնալիք։
Արդյո՞ք ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը դեր կունենա հավանական բախման դեպքում:
Եթե Իսրայելը հարվածի Թուրքիային, արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավտոմատ կերպով պատերազմի մեջ կմտնի։ Գործնականում՝ ոչ։ 5-րդ հոդվածը չի նշանակում որ բոլոր անդամները պարտավոր են ավտոմատ կերպով ռազմական գործողություններ սկսել։ Յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում, թե ինչ քայլեր է ձեռնարկում դաշնակցին աջակցելու համար։ Առավել կարևոր է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն, ինչպես հայտնի է, ունի ԱՄՆ-ի հետ առանձնահատուկ ռազմավարական հարաբերություններ։
Հետևաբար Թուրքիայի համար Մեքքայի համաձայնագրի արժեքը հենց այստեղ է մեծանում։ Անկարան փորձում է ստեղծել անվտանգության երկրորդ հենարան, որը կարող է քաղաքական ու ռազմական առումներով բարձրացնել Թուրքիայի զսպման հնարավորությունը նույնիսկ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի մեխանիզմները չեն ապահովում ակնկալվող հստակությունը։Ստացվում է, որ Թուրքիան միաժամանակ խորացնում է հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ՝ Մեքքայի ձևաչափի շրջանակում, Քաթարի և Ծոցի այլ երկրների, Սիրիայի նոր կառավարության, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ։ Այս ամենը Անկարային տալիս է զսպման մեխանիզմների բազմազանություն և ընդլայնում է երկրի դիվանագիտական մանևրի դաշտը։ Փաստացի, Թուրքիայի նպատակը Իսրայելին ռազմական բազաներով շրջապատելը չէ, այլ քաղաքական, տնտեսական և ռազմական գործընկերների այնպիսի փոխգործակցության ձևավորումը, որը կարող է առնվազն սահմանափակել Իսրայելի միակողմանի գործողությունների հնարավորությունը։
Ավելին՝ Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ Դամասկոս կատարած այցի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի, գազի, նավթի, հանքարդյունաբերության և համատեղ ներդրումների նախագծեր։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ Անկարան Սիրիան փորձում է վերածել երկարաժամկետ տնտեսական գործընկերոջ։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու Թուրքիայի համար Սիրիայում ռազմական ներկայությունը պարզապես ռազմաբազաների հարց չէ։ Եթե Դամասկոսը դառնում է Թուրքիայի տնտեսական և քաղաքական գործընկերը, ապա Թուրքիայի համար Սիրիայի պետական անկայունությունը Թուրքիայի համար նշանակում է ոչ միայն անվտանգության, այլև ներդրումային և տարածաշրջանային կապակցվածության հնարավոր կորուստ։ Ուստի Թուրքիայի քաղաքականության ավելի լայն արձագանքները չեն կարող բացատրվել միայն Սիրիայում լոկ ռազմական ներկայություն պահպանելու ձգտմամբ։
Մյուս կողմից, Իսրայելի համար Սիրիայի կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ երկիրըԻրանի ուղղությամբ ձգվող աշխարհագրական միջանցքի մաս է։ Իսրայելական որոշ շրջանակների համար թուրքական ՀՕՊ համակարգերի տեղակյումը կարող է ոչ միայն սահմանափակել Սիրիայում Իսրայելի գործողությունների ազատությունը, այլև ապագայում ազդել Իրանի ուղղությամբ իրականացվող օդային գործողությունների հնարավորությունների վրա։ Այս համատեքստումԱբու ալ-Դուհուրի շուրջ զարգացումները կարող են մեծացնել թուրք-իսրայելական ռազմական միջադեպերի ռիսկը։
Լայնամասշտաբ ռազմական գործողություններն իհարկե, քիչ հավանական են. Թուրքիան և Իսրայելը մեծ հաշվով չունեն այնպիսի տնտեսական և ռազմավարական շահեր, որոնք համար պատերազմը արժենա այդ գինը։ Թուրքիան նաև չի ցանկանում հայտնվել ԱՄՆ-ի հետ ծանր ճգնաժամի մեջ, իսկԻսրայելն էլ պատերազմի միջոցով չի կարողանալու հեշտությամբ լուծել ոչ Սիրիայի, ոչ էլ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական խնդիրները։ Այս պատճառով էլ հենց լայնածավալ պատերազմը երկու կողմերի համար էլ չափազանց թանկ է։Այո՛, Մերձավոր Արևելքում ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ։ Բայց «Թուրքիա–Իսրայել պատերազմը մոտ է» պնդումը դեռ չափազանց կտրուկ կլինի։ Ավելի ճիշտ է ասել, որ Թուրքիա–Իսրայել հարաբերությունները մտել են այնպիսի փուլ, որտեղ պատերազմի հավանականությունից ավելի վտանգավոր է պատերազմի պատահական առաջացումը։
Ուստի առաջիկա շաբաթների գլխավոր հարցը պետք է լինի ոչ թե «կլինի՞ թուրք-իսրայելական պատերազմ», այլ ո՞վ առաջինը կսահմանի Սիրիայի երկնքում փոխադարձաբար ընդունելի գործողությունների կանոնները, և արդյոք կողմերը կկարողանան դրանք համաձայնեցնել՝ խուսափելով չնախատեսված էսկալացիայից։
Ուստի առաջիկա շաբաթների գլխավոր հարցը պետք է լինի ոչ թե «կլինի՞ թուրք-իսրայելական պատերազմ», այլ՝ ո՞վ առաջինը կսահմանի Սիրիայի երկնքում փոխադարձաբար ընդունելի գործողությունների կանոնները, և արդյոք կողմերը կկարողանա՞ն դրանք համաձայնեցնել՝ խուսափելով չնախատեսված էսկալացիայից։
Եզրակացություն
Մեքքայի համաձայնագիրը և դրան հաջորդած զարգացումները վկայում են ոչ թե սահմանված ռազմաքաղաքական դաշինքների պարզ վերադասավորման, այլ Մերձավոր Արևելքի անվտանգային մտածելակերպի ավելի խորքային փոփոխության մասին, որի պայմաննրում տարածաշրջանային պետությունները ձգտում են նվազեցնել կախվածությունը արտաքին երաշխավորներից՝ առանց դրանցից ամբողջովին հրաժարվելու։ Այս համատեքստում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրումը Սիրիայում ցույց է տալիս, որ առաջիկա շրջանի կենտրոնական հարցը ոչ թե ուղղակի պատերազմի հավանականությունն է, այլ այն, թե որ կողմը և ինչ մեխանիզմներով կսահմանի Սիրիայի հետպատերազմյան օդային և անվտանգային կանոնները, և արդյոք հնարավոր կլինի կանխել դրանց շուրջ պատահական սրացումը։